Սամվել Բալասանյանն ընդունեց «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին
                        Այսօր՝ ապրիլի 12-ին, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Գյումրիում անցկացվող  «Վերածնունդ» միջազգային 6-րդ մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամներին և փառատոնի  հյուրերին:
Բացման խոսքում քաղաքապետը ողջունեց 33 երկրներից Գյումրի ժամանած հյուրերին և կարևորեց փառատոնի անցկացումը հանրապետության երկրորդ քաղաքում՝ շեշտելով, որ այն մեծ աշխուժություն է հաղորդում քաղաքի մշակութային կյանքին: Այնուհետև քաղաքապետը հակիրճ ներկայացրեց քաղաքի պատմությունը՝ մասնավորապես կանգ առնելով մշակութային հարուստ ժառանգության և «Գյումրին՝ 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»  ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառումների վրա:
Պատասխան խոսքում փառատոնի կազմակերպիչներից Երևանի պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանը շնորհակալություն հայտնեց  քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ փառատոնին ցուցաբերած աջակցության համար և խոսեց միջոցառման՝ տարեցտարի ընդլայնվող աշխարհագրության ու ապագա նախագծերի մասին:
Խոսքով հանդես եկան նաև Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայի ռեկտոր Միխայիլ Գանտվարգը, Կազանի կոնսերվատորիայի ռեկտոր Աբդուլին Ռուբինը, երգչուհի Ռայիսա Մկրտչյանը և այլոք: Հանդիպման ավարտին  Սամվել Բալասանյանը հյուրերին հանձնեց Գյումրիի մասին պատմող գրքեր և բարի երթ մաղթեց այսօր մեկնարկելիք «Վերածնունդ» փառատոնին:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

