1361 դիտում
17:56 10-04-2014
Բարեկարգման ծրագրերի շրջանակում շուրջ 25 հեկտարով կավելանա մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը. ֆոտոշարք
Երևանի քաղաքապետարանի «Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սիրեկան Օհանյանը մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրել է 2014թ.-ին մայրաքաղաքում նախատեսվող որոշ այգի-պուրակների վերակառուցման նախագծերը, որոնք կյանքի կկոչվեն, ինչպես համայնքային բյուջեի, այնպես էլ ներդրումների միջոցով: Երևանի զարգացման քառամյա ծրագրով ու ընթացիկ տարվա աշխատանքներով նախատեսված հանգստի գոտիների կառուցմամբ հարմարավետ միջավայր կապահովվի երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի համար. «Երևանի քաղաքապետարանի պատվերով նախատեսված այս ծրագրերի կյանքի կոչմամբ մենք լուծում ենք կանաչ տարածքների ընդլայնման, պահպանման ու թարմացման, ինչպես նաև անմխիթար վիճակում գտնվող այգիների բարեկարգման խնդիրը: Սա, ըստ էության, քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախընտրական ծրագրերի հաջորդական իրականացումն է նաև, որոնք, էլ ավելի ընդլայնելով ծավալներն ու շրջանակները, հետզհետե կյանքի են կոչվում: Հարկ եմ համարում նաև նկատել, որ մենք այս ուղղությամբ նաև ծրագրային առաջանցիկ աճ ենք գրանցել, ինչն իր հերթին հնարավորություն է ընձեռում հաջորդող տարիներին չնախատեսված այլ տարածքներ ներառել բարեկարգման ծրագրերում, որոնք նույնպես ուղղված կլինեն մայրաքաղաքի զարգացմանը»,- ընդգծել է Սիրեկան Օհանյանը:
«Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը նշել է, որ արդեն իսկ մեկնարկել են Կիրովի անվան մանկական զբոսայգու վերակառուցման աշխատանքները: Գործընթացն իրականացվում է մասնավոր ներդրումների հաշվին, վարձակալի կողմից, ինչն, ի դեպ, պայմանագրային պարտավորություն է: Ծրագրի արդյունքում հանգստի այս գոտին բնակիչներին կներկայանա նորովի և ապահովված կլինի լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. «Համալիր ծրագրի արդյունքում, պահպանելով բարեկարգման բոլոր բաղադրիչները, խնդիր է դրված արդիականացնել մանկական ատրակցիոնները, ոռոգման համակարգը, ինչն իր հերթին հնարավորություն կտա թարմացնելու ծառուղիներն ու սիզամարգերը: Ճարտարապետական նոր լուծումներով էլ կարդիականացվեն այգում առկա և ներկայումս գործող օբյեկտներն ու շինությունները»,- նշել է Սիրեկան Օհանյանը:
Անդրադառնալով Գլխավոր պողոտայի Վերնիսաժին և Մալիբու սրճարանին հարակից հանգստի գոտիների բարեկարգման նախագծերին՝ Սիրեկան Օհանյանը նշել է, որ վերը նշված զբոսայգիների վերակառուցումը ևս անհրաժեշտություն էր. «Սարյան - Մաշտոց, ինչպես նաև Նալբանդյան - Հանրապետության փողոցներին հարակից հատվածներում գտնվող 1970-ական թվականներին շահագործման հանձնված հանգստի այս գոտիներն արդեն տասնամյակներ շարունակ կորցրել էին իրենց նպատակային նշանակությունը: Բարեկարգման ծրագրի շրջանակում կցուցաբերվի համալիր մոտեցում, և այգիները կվերագտնեն իրենց երբեմնի հմայքը: Հարկ է նշել, որ այգիների նախկին նախագծային լուծումներն ու կանաչ տարածքները պահպանվելու են: Կարդիականացվեն առկա ջրավազաններն ու շատրվանային համալիրները, կավելանան սիզամարգերը, կտնկվեն Երևանի բնակլիմայական պայմաններին համապատասխանող ծառատեսակներ: Կարող եմ վստահեցնել, որ արդյունքում այդ գոտիները կդառնան ավելի բարեկարգ և ավելի կանաչապատ՝ ապահովելով հարմարավետ նոր միջավայր»,- նշել է Սիրեկան Օհանյանը:
Ընթացիկ տարում կավարտվի նաև Կոմիտասի անվան պանթեոնին հարակից այգու վերակառուցման ծրագիրը: Շուրջ 7 հա կազմող տարածքում ևս կստեղծվեն հանգստի հարմարավետ պայմաններ: Կարդիականացվեն արտաքին լուսավորության և ոռոգման համակարգերը: Պանթեոնի հարակից այգու տարածքը, որն այսօր գտնվում է ոչ բարվոք վիճակում, ամբողջությամբ կվերակառուցվի ու կդառնա քաղաքային նշանակության լիարժեք հանգստի գոտի:
Սիրեկան Օհանյանը ներկայացրել է նաև Երևանի քաղաքապետարանի ծրագրերով Ստեփանակերտում վերակառուցվող Ազատամարտիկների այգու նախագիծը: Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև ստորագրված բարեկամության համաձայնագրի շրջանակում իրականացվող ծրագիրն, ըստ էության, գործընկեր քաղաք Երևանի նվերն է ստեփանակերտցիներին ու քաղաքի հյուրերին: Վերակառուցման ծրագրի արդյունքում ԼՂՀ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Ազատամարտիկների այգին կներկայանա նորովի ու նոր հնարավորություններով:
Բանախոսի ներկայացմամբ՝ հանգստի գոտիներից բացի, Երևանի զարգացման ծրագրերում առանձնակի կարևորվել է նաև նոր շրջանցիկ ճանապարհների կառուցումը, որոնք ուղղված են մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափմանը. «Նմանատիպ ծրագրերից է Իսակովի և Արշակունյաց պողոտաները միմյանց կապող նոր ճանապարհի կառուցումը, որն, ըստ էության, Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտային կապող նոր ավտոմայրուղու տրամաբանական շարունակությունն է դառնալու»,- նշել է «Երևաննախագիծ» ՓԲԸ-ի տնօրենը:
Ընդհանուր առմամբ, 2014թ.-ին նախատեսված այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման ծրագրի արդյունքում ընթացիկ տարում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հա տարածքով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
2278 դիտում
15:57 16-01-2017
Ներկայացվել է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2017թ. ծրագիրը
2040 դիտում
21:10 29-01-2018
Արդեն պատրաստ է մայրաքաղաքի բակային տարածքների բարեկարգման 2018թ. ծրագիրը
10058 դիտում
13:21 14-07-2017
Շարունակվում են մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների խնամքի աշխատանքները
Այս բաժնից
664 դիտում
13:56 27-11-2024
Ի՞նչ անենք, գնդակահարե՞նք, որ վախենան էներգետիկ գնել կամ վաճառել. Բաբկեն Թունյան