211652_close_icon
views-count1265 դիտում article-date 15:24 05-04-2014

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է մարմնամարզիկների ու նրանց մարզիչների հետ. ֆոտոշարք

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է «Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց»-ի տնօրեն, օլիմպիական չեմպիոն և Երևանի պատվավոր քաղաքացի Ալբերտ Ազարյանի գլխավորությամբ քաղաքապետարան այցելած մարզիկներին ու նրանց մարզիչներին: Ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորել է նրանց այս տարվա մարտի 26-28-ին Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի հերթական առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների առթիվ և շնորհակալություն է հայտնել Հայաստանի պատիվը բարձր պահելու համար. «Մեզանից յուրաքանչյուրին անսահման ուրախություն ու ոգևորություն է հաղորդում միջազգային ասպարեզներում մեր մարզիկների յուրաքանչյուր նվաճում ու հաղթանակ: Առավել ևս, երբ տվյալ մարզաձևում մենք արդեն իսկ ունեցել ենք լեգենդար մարզիկներ, ովքեր մեկընդմիշտ ամրագրել են Հայաստանի համբավն այդ մարզաձևում: Մեր սպասելիքներն ու ակնկալիքները միշտ էլ կրկնապատիկ են: Եվ այս տեսանկյունից մարմնամարզությունը, իրոք, բացառություն չէ, հատկապես հաշվի առնելով, որ մանկապատանեկան մեր մարզադպրոցը ղեկավարում է հենց այդ լեգենդներից մեկը՝ Դուք, պարո՛ն Ազարյան: Եվ, շնորհավորելով բոլորիս աշխարհի առաջնությունում գրանցած փայլուն հաղթանակների կապակցությամբ, մաղթում եմ, որ Ձե՛ր գլխավորությամբ մեր թիմի մարզիկները մշտապես հաղթող ճանաչվեն ու դառնան Ձեր արժանի հետևորդը՝ նվաճելով նաև օլիմպիական չեմպիոնի պատվաբեր կոչումը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ Ալբերտ Ազարյանն իր հերթին նկատել է, որ այդ հաղթանակների կերտման գործում շատ որոշակի է նաև Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներդրումը, քանզի համայնքային ենթակայության մարզադպրոցի հանդեպ մշտապես առկա է ուշադրությունն ու հատուկ վերաբերմունքը. «Քաթարում գրանցած մեր հաղթանակներն իրոք որ փայլուն էին, քանի որ կանոնակարգով նախատեսված 6 մրցաձևերից մեզ հաջողվեց հաղթել 3-ում: Ընդ որում, մասնակիցների թվում և՛ օլիմպիական չեմպիոն կար, և՛ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններ: 4-րդ մարզաձևում էլ նվաճեցինք արծաթե մեդալ, ինչը ևս հաջողություն է: Ինչևէ, ուզում եմ Ձեզ վստահեցնել, պարոն քաղաքապետ, որ մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք անել հնարավորը, որպեսզի մշտապես բարձր պահենք թե՛ մեր երկրի, և թե՛ մեր սիրելի Երևանի պատիվը», - նշել է Ալբերտ Ազարյանը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանը շարունակելու է իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի աջակցել մարզադպրոցին՝ նորանոր հաջողություններ ապահովելու հաստատակամությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր