211652_close_icon
views-count1427 դիտում article-date 18:51 27-03-2014

ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում

Մարտի 27-ին ԵՊՀ ռեկտորի աշխատասենյակում ԵՊՀ-ի և Քուվեյթի համալսարանի միջև տեղի ունեցավ փոխանակման և համագործակցության պայմանագրի ստորագրում: Երևանի պետական համալսարան այցելած պատվիրակության կազմում էին Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը, Ուսումնական հարցերով պրոռեկտոր տիկին Ֆիրյալ Բու Ռաբիան, Բժշկագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ադել Այեդը, աշխատակազմի ղեկավար Մուհամմադ ալ-Սուլեյմանը և ռեկտորի խորհրդական Մուհսեն ալ-Մուալլիմը: Քուվեյթի պատվիրակությունը Հայաստան է ժամանել միջբուհական համագործակցության, ինչպես նաև կրթության ու գիտության ոլորտներում փոխգործակցության հեռանկարները քննարկելու համար: Մինչ քննարկումներին անցնելը կողմերը վերակնքեցին երկու բուհերի միջև գործող համագործակցության պայմանագիրը և պարտավորվեցին աշխատանքային պայմանագրերի միջոցով կյանքի կոչել այն: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց հյուրերին և ընդգծեց, որ Մայր բուհի ղեկավարությունը մեծ կարևորություն է տալիս Քուվեյթի համալսարանի հետ համագործակցության վերականգնմանն ու զարգացմանը: Արամ Սիմոնյանը որոշ մանրամասներ ներկայացրեց ԵՊՀ պատմության, միջազգային համագործակցության, ուսումնական ու գիտական գործընթացների, ինչպես նաև մշակութային և ուսանողական կյանքից: Քուվեյթի համալսարանի ռեկտոր Աբդ ալ-Կատիֆ ալ-Բադրը նույնպես խոսեց իրենց երկրի գլխավոր բուհից և վստահություն հայտնեց, որ երկու համալսարանների միջև համագործակցության արդյունքները գոհացնող կլինեն: Հարկ է նշել, որ Քուվեյթի և Երևանի պետական համալսարանների միջև համագործակցությունը տարիների պատմությունի ունի, մասնավորապես արաբագիտության ոլորտում: Արդեն մի քանի տարի է, ինչ համալսարանական արաբագետ ուսանողները կրթություն են ստանում Քուվեյթի համալսարանում: Արամ Սիմոնյանի հավաստմամբ՝ Քուվեյթի համալսարանի ղեկավարությունը միշտ գոհունակությամբ է խոսում հայ ուսանողների մասին՝ ընդգծելով նրանց ընդհանուր գիտելիքների և մասնավորապես արաբերենի իմացության բարձր մակարդակը: Նախատեսվում է համալսարանների միջև ծավալված համագործակցությունը հետագայում ներառելու է նաև բնագիտական ոլորտները. «Քուվեյթի համալսարանի բնագիտական ֆակուլտետները բավականին հզոր են ոչ միայն գիտելիքների, այլև լաբորատոր սարքավորումների տեսանկյունից»: ԵՊՀ ռեկտորը հավելեց նաև, որ Քուվեյթի համալսարանի պատվիրակությունը հետաքրքրված է նաև պրոֆեսորադասախոսական կազմի և գիտնականների փոխանակման ծրագրերով: «Քուվեյթի համալսարանն Արաբական ծոցի երկրներից ամենահզոր կրթական կենտրոններից է, որը և՛ կադրային, և՛ տեխնիկական ռեսուրսներով բավականին հագեցած է: 40.000-ից ավելի ուսանող ունեցող բուհում դասավանդում են հրավիրյալ հայտնի պրոֆեսորներ, Նոբելյան մրցանակակիրներ: Ուստի մենք շահագրգրված ենք, որ այս համագործակցությունն էլ առավել ամրապնդվի ու զարգացում ունենա, քանի որ դրա միջոցով մենք կապ կհաստատենք Արաբական ծոցի այլ երկրների կրթօջախների հետ»,- ամփոփեց Արամ Սիմոնյանը: Հանդիպման վերջում կողմերը միմյանց հուշանվերներ ու տեղեկատվական բուկլետներ հանձնեցին:

Նմանատիպ նյութեր