211652_close_icon
views-count1057 դիտում article-date 18:34 27-02-2014

Երևանի քաղաքապետարանի և ՀՀ ԿԳ նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Առանձնակի կարևորելով կրթության դերը պետության զարգացման գործում՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ բանիմաց, կիրթ ու հայրենասեր հասարակության կայացման ուղղությամբ. «Մենք մեծապես կարևորում ենք մատաղ սերնդի կրթման գործընթացը և համոզված ենք, որ կրթական համակարգում շարունակվող բարեփոխումների արդյունքում մեր աշակերտները կստանան միջազգային չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ՝ այդպիսով նաև տեսանելի և լուրջ ձեռքբերումներ գրանցելով կրթության բնագավառում։ Մեր կառույցների միջև համագործակցությունն իսկապես սերտ է, ու ստորագրվելիք փոխըմբռնման հուշագիրը ևս մեկ փաստարկումն է առ այն, որ այն նաև ընդլայնման և էլ ավելի ամրապնդման հնարավորություններ ունի: Համոզված եղեք, պարոն նախարար, որ մեր լիազորությունների շրջանակում կարվի առավելագույնը, որպեսզի համաձայնագրի շրջանակում նախատեսված բոլոր կետերն արդյունավետ կյանքի կոչվեն ու ստանան գործնական ընթացք»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը։ Անդրադառնալով Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի, ինչպես նաև 2015թ. Երևանում Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացմանը, Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել նախարար Արմեն Աշոտյանի անմիջական դերակատարումը՝ միջազգային նման կարևոր միջոցառումը Երևանում անցկացնելու հնարավորությունը վաստակելու հարցում և ընդգծել է, որ այսկերպ միջազգային ասպարեզում ևս մեկ անգամ փաստվում է Հայաստանի մրցունակությունը: Քաղաքապետը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու գագաթաժողովի կազմակերպման ու անցկացման աշխատանքներին։ Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին բարձր է գնահատել քաղաքապետարանի հետ նախարարության համագործակցությունը և ընդգծել, որ կրթության ոլորտում հաջողության հասնելու լավագույն գրավականներից մեկը ջանքերի համատեղումն է. «Երևանի քաղաքապետարանի կողմից այսօր իրականում լուրջ քայլեր են ձեռնարկվում մայրաքաղաքի կրթօջախներում աշակերտների համար անհրաժեշտ պայմանների ու որակյալ կրթության ապահովման ուղղությամբ: Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ, պարոն քաղաքապետ, Ձեր պատրաստակամության ու մշտական աջակցության համար և վստահեցնում եմ, որ մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որպեսզի նախանշված բոլոր ուղղություններով ունենանք նշանակալի հաջողություններ: Անշուշտ Երևանում միջազգային նշանակության նման միջոցառումների անցկացումը պարտավորեցնող է, այս դեպքում նաև եվրոպական կրթական տարածքի հանգրվան դառնալու տեսանկյունից, և ես համոզված եմ, որ Ձեր կողմից կարվի առավելագույնը՝ այն հավուր պատշաճի անցկացնելու համար»,- նշել է Արմեն Աշոտյանը: Հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, համաձայն որի՝ կողմերը պարտավորվել են 2015թ. ՀՀ-ում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովի ու Բոլոնիայի քաղաքականության 4-րդ ֆորումի անցկացման շրջանակում զարգացնել գործակցությունն ու ընդլայնել համագործակցության շրջանակները: [i]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/i]

Նմանատիպ նյութեր