211652_close_icon
views-count3407 դիտում article-date 22:08 24-02-2014

Վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ծաղկաձորում ներկա է գտնվել Համահայկական ձմեռային առաջին խաղերի բացման արարողությանը: Նախագահը ողջունել է համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին, նշելով, որ իր 15-ամյա պատմության ընթացքում, ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, համահայկական խաղերը հուշում են, որ պահանջված են: Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնել և այս 15 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի խաղերը կայանան և ընդգծել է, որ այսօր վստահությամբ կարելի է փաստել՝ համահայկական խաղերը կայացել են: «Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այդ խաղերն ամրապնդում են Հայրենիք-Սփյուռք կապը, որ այդ խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, և ժամանակակից աշխարհում այս հանգամանքը չափազանց կարևոր է»,-ասել է Սերժ Սարգսյանը՝ մաղթելով մասնակիցներին արդար մրցակցություն, թեժ պայքար ու մարզական հաջողություններ և համահայկական ձմեռային առաջին խաղերը հայտարարել բացված:

Նմանատիպ նյութեր