Արտակարգ և ողբերգական դեպք Լոռու մարզում. փրկարարները փլատակի տակից դուրս են բերել ՌԴ քաղաքացու դին
                        Այսօր` փետրվարի 18-ին, արտակարգ և ողբերգական դեպք է  տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում,  ոստիկանության Սպիտակի բաժնից ահազանագ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզի  փրկարարական ծառայություն, որ Շիրակամուտ գյուղում փլուզվել է սեփական տուն և կան կասկածներ, որ տան տերը մնացել է փլատակների տակ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  գյուղ ժամանած Լոռու մարզի փրկարարական վարչության ծառայողները, գյուղի 22-րդ փողոցի վերջնամասում գտնվող փլուզված անասնագոմ շինության տակից դուրս են բերել տանտիրոջ 83-ամյա Թոռուն Դարբինյանի դին: 
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է և տեղի ունեցած դեպքի մասին արդեն տեղեկացվել է նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարություն:
Լուսանկարները` Էդվարդ Արզումանյանի
                                            
                    
                                            
                        
            

