211652_close_icon
views-count1103 դիտում article-date 15:35 17-02-2014

Տեղի է ունեցել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

Փետրվարի 17-ին Էլինար Վարդանյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Քննարկվեց ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանի հեղինակած «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով առաջարկվող լրացումը` Արտակ Դավթյանը նշեց, որ եթե միավորումը 50 եւ ավելի տարի ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքերով գործում է որպես ստեղծագործական միություն, ապա կարող է պետական գրանցում ստանալ՝ պահպանելով «ստեղծագործական միություն» անվանումը եւ իրավահաջորդությունը: Փոփոխությամբ առաջարկվում է կազմակերպության բարձրագույն մարմնի ղեկավարի եւ կազմակերպության գործադիր ղեկավարի ընտրություն կամ նրա լիազորությունների դադարեցում իրականացնել, եթե առկա է բարձրագույն մարմնի անդամների մեկ երրորդի նախաձեռնությունը: Նշվեց, որ գործող օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով կազմակերպության հերթական ժողովը հրավիրվում է 2 տարին մեկ անգամից ոչ պակաս: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է երկու տարվա պարբերականությունը փոխարինել 4 տարով: Հարակից զեկույցում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը նշեց, որ կառավարությունը սկզբունքային առարկություններ չունի, դրական եզրակացություն է տվել եւ ներկայացրեց մի շարք առաջարկներ: Հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը օրինագծի իրավական ձեւակերպումներին առնչվող մի շարք առաջարկներ ներկայացրեց՝ նշելով, որ առավել հստակ ձեւակերպումների դեպքում, որպես պատգամավոր, դեմ չի լինի օրենսդրական նախաձեռնությանը: Եզրափակիչ ելույթում օրինագծի հեղինակ Արտակ Դավթյանը նշեց, որ պատրաստ է առաջինից երկրորդ ընթերցում առաջարկների հիման վրա համապատասխան փոփոխություններ կատարել եւ լրամշակել օրինագիծը: Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում:

Նմանատիպ նյութեր