Նոր Նորքի ոստիկանության և Ավանի բաժանմունքի ծառայողները ժամերի ընթացքում բացահայտեցին 31-ամյա տղամարդու առեղծվածային մահվան դեպքը
                        Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որը կատարվել է մի խումբ անձանց,  կամ կազմակերպված խմբի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրեական գործը հարուցվել է այսօր` փետրվարի 11-ին,  Երևանի Ավան վարչական  շրջանում, քաղաքապետ Տարոն Մարգարյանի տան հարևանությամբ գտնվող խանութի հետնամասում հայտնաբերված դաժան ծեծի հետևանքով  31-ամյա Կարեն Վերդյանի  մահվան դեպքի փաստով:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ դատական բժիշկը քննիչի որոշմամբ դիակի դատաբժշկական փորձաքնություն  կանցկացներ, ոստիկանության Նոր Նորքի բաժնի քննչական խումբը քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ,  Նոր Նոքրի ոստիկանները`   բաժնի պետ Լայերտ Գրիգորյանի և ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները` բաժանմունքի պետ Ալեքսանդր Աղաջանյանի գլխավորությամբ,  օպերատիվ տվյալներն իրացնելիս Ավանի բաժանմունք են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի Հ. Հովհաննիսյան 26/1 շենքի բնակիչ 18-ամյա Ռոբերտ Ադամյանին և Ավան Առինջ 1 միկրոշրջան 2/8 շենքի բնակիչ 20-ամյա Մեխակ Կարեյանին:
Ոստիկանության Նոր Նորքի քննչական խումբը պարզել է, որ այսօր գիշերը ժամը 01:30-ի սահմաններում կենցաղային հարցերի շուրջ,  մահացածի ծնողներին պատկանող խանութում վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Ռ.  Ադամյանի ու Մ. Կարեյանի  միջև , որից հետո Ռ.  Ադամյանն ու Մ. Կարեյանը ծեծի են ենթարկել Կ . Վերդյանին: Այդ ամենից  հետո նրան թողնելով անօգնական` ավտոմեքենայով հեռացել են:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածը թաղամասում հայտնի է եղել որպես ոգելից խմիչքի սիրահար ով գրեթե միշտ եղել է գինովցած և խանութում  ինքն է հայհոյանքներ տվել երիտասարդների հասցեին, ինչից հետո վերջիններս էլ հաշվեհարդար են տեսել նրա նկատմամբ: 
Մի քանի հարևաններ էլ պատմել են, որ Կ. Վերդյանին վիրավոր վիճակում չեն փորձել օգնություն ցուցաբերել նրա ծնողները, անգամ վիրավոր վիճակում գտնվող իրենց տղային նրանք  քարշ տալով հեռացրել են խանութի ներսից` տանելով դեպի խանութի հետնամաս: Կան տեղեկություներ, որ մի քանի ժամ Կ. Վերդյանը կենդանի է եղել ու եթե ծնողները ժամանակին դիմեին բժիշկների օգնությանը,  ապա նրանց տղան չէր մահանա:
Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների,  ոստիկանության կողմից բացահայտված այս հանցագործության կազմած քրեական գործի նյութերը փոխանցվելու են Պաշտպանության նախարարության քննչական ծառայություն, ըստ ենթակայության, քանի որ կասկածյալներից Մ.  Կարեյանը ծառայում է ՀՀ ՊՆ Իջևանի N  զորամասում: Քննիչի որոշմամբ Ռ.  Ադամյանն ու Մ.  Կարեյանը ձերբակալվել են:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
            


