Իրանը կտրականապես հրաժարվել է միջուկային բանակցություններում քննարկել իր բալիստիկ հրթիռների թեման
Միջազգային «վեցյակի» ներկայացուցիչների հետ Թեհրանի միջուկային ծրագրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների ժամանակ իրանական պատվիրակությունը դեմ է եղել, որպեսզի բանակցություններում քննարկման դրվի Իրանի կողմից ստեղծվող բալիստիկ հրթիռների թեման: Այս մասին հայտնել է Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին, ով գլխավորում է իրանական պատվիրակությունը ժնևյան բանակցություններում:
«Ես ասել եմ Ուենդի Շերմանին (ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալը) և «վեցյակի» մյուս անդամներին, որ բանակցություններում Իրանի պաշտպանության հարցերը քննարկման ենթակա չեն, և մենք, բացի միջուկային խնդրից, այլ հարցերի շուրջ չենք պատրաստվում բանավիճել»,-ընդգծել է Արաղչին: