Գազի դիմաց վարձավճարը կմնա նույնը սոցիալապես անապահով խավերի համար
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը 2014-ին կշարունակի փոխհատուցել անապահով սպառողների գազի ծախսը:
Վարչապետը նշել է, որ այդ քաղաքականությունը շարունակվելու է, այսինքն՝ 1 խորանարդ մետր գազի գինը մնալու է 100 դրամ: «Անցած երկու տարիների ընթացքում գազի գինը, որ մատակարարվում էր այդ ընտանիքներին, կազմում էր 132 դրամ 1 խորանարդ մետրի համար, և 32 դրամը մենք հատուցում էինք: Հիմա այդ գինը դարձել է 156 դրամ 1 խորանարդ մետրի համար: Դա նշանակում է, որ մենք շարունակելու ենք 56 դրամը նրանց փոխհատուցել: Դրա համար ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին հանձնարարվում է պատրաստել կառավարության համապատասխան որոշում և մեզ ներկայացնել այն, որպեսզի շարունակենք սոցիալապես խոցելի խավերին օժանդակել, որպեսզի նրանց համար գազի գնի բարձրացում այդ 300 խորանարդ մետրի համար տեղի չունենա և շարունակեն վճարել 100 դրամ: Մեկ շաբաթվա ընթացքում այդ որոշումն անհրաժեշտ է ներկայացնել», - շեշտել է Տիգրան Սարգսյանը: