211652_close_icon
views-count147455 դիտում article-date 12:44 02-09-2018

Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում վերջին հրաժեշտն են տալիս թուրքի և ադրբեջանցու կողմից Ուկրաինայում սպանված 30-ամյա երիտասարդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում տեղի է ունենալու գյուղի 30-ամյա բնակիչ, Միրո Լազգիյանի հուղարկավորությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 30-ամյա երիտասարդը սպանվել է օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը՝ Ուկրաինայի Հանրապետությունում: Սպանվածի հարազատները ֆոտոլրագրողի հետ զրուցում ասում էին. «Միրոն գյուղի պարծանքներից էր: Գյուղում շատ ջահելներ կան, որոնցով հպարտանում ենք: Հպարտացել ենք նաև Միրոյով, բայց դե այս սոցիալական պայմաններից ելնելով՝ մեկնել էր Ուկրաինայի Հանրապետություն արտագնա աշխատանքի: Օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը այցելել է Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում գտնվող «Սամերոկի» սրճարան, որտեղ էլ 3 հոգի անակնկալ հարձակվել են Միրոյի վրա, ծեծի ենթարկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ: Սրճարանը, որտեղ սպանվել է Միրոն, պատկանում է ազգությամբ թուրքի, աշխատակիցներն էլ ադրբեջանցիներ են ու թուրքն ու ադրբեջանցիները լավ իմանալով, որ Միրոն ազգությամբ եզդի է ու Հայաստանի քաղաքացի, բորենու հոգեբանությամբ հարձակվել են Միրոյի վրա, երբ նա դուրս է եկել սրճարանից: Առաջին հարվածը Միրոն ստացել է թիկունքից, նրանք ռիսկ չէին անի Միրոյին դեմ-դիմաց կանգնեին ու իրենց սև գործն անեին, գիտեին, որ Միրոն բոլորին էլ շանսատակ կաներ: Մեզ համար ցավ է, որ դեպքից անմիջապես հետո նշված անձինք Ուկրաինայի իրավապահների կողմից տարվել են ու 2 օր անց բոլորին ազատ են արձակել: Զարմացած ու զայրացած ենք, որ Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը մատը մատին չի խփում՝ պաշտպանելու իր սպանված քաղաքացու շահերը, իսկ մենք ոչինչ չենք ուզում, միևնույն է դարերի եկած իրականություն է, որ թուրքն ու ադրբեջանցին նույն սանրի կտավն են՝ արյան ծարավ, բայց գոնե Ուկրաինայում մեր դեսպանատան աշխատակիցները հետամուտ լինեն, որպեսզի մեղավորները պատժվեն: Հակառակ դեպքում՝ կհամոզվենք, որ Հայաստանի քաղաքացիները Ուկրաինայում այնքան էլ ապահովագրված չեն»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր