211652_close_icon
views-count6031 դիտում article-date 08:53 30-06-2018

ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին՝ պետքարտուղար Փոմփեոն հանդիպել է նախագահ Սարգսյանի հետ․ «Ամերիկայի ձայն»

Վաշինգտոնում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Միացյալ Նահանգների հետ առևտրի և ներդրումների ավելացումը, ինչպես նաև Սմիթսոնիան փառատոնը: Նախագահը նաև կիսելու է պետքարտուղարի հետ Հայաստանի նոր շրջանի իր տեսլականը», - [url=https://www.amerikayidzayn.com/a/4460856.html]«Ամերիկայի Ձայն»[/url]-ի հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը: «Ամերիկայի Ձայն»-ի այն հարցին, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյան «թավշյա հեղափոխությունից» հետո իր առաջին հանդիպումն անց կացնում նախագահ Սարգսյանի հետ, մինչդեռ, Երեւանի արտաքին քաղաքականությունն ըստ Սահմանադրության իրականացնում է վարչապետ Փաշինյանի կառավարությունը, դեսպան Միլզը պատասխանեց. «Կարծում եմ, երկրի ղեկավարի համար տեղին է հնարավորություն ունենալ հանդիպել պետքարտուղարի հետ: Տեղյակ եմ, որ պետքարտուղարը շատ էր ցանկանում լսել, թե ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում և խոսել այն մասին, թե ինչպես Միացյալ Նահանգները կարող է աջակցել Հայաստանին: Մասնավորապես, կարծում եմ, խոսքը գնացել է առևտրի և ներդրումների մասին, ինչով, որքան հասկանում եմ, նախագահին իր սահմանադրական դերում խնդրել էին զբաղվել՝ արտաքին ներդրումներ հայթայթելով և աշխատելով Սփյուռքի հետ»: Դեսպանի խոսքով, Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել Հայաստանի նոր կառավարությանը նոր ներդրումներ գտնելու գործում: Հիմնական աշխատանքն այս ոլորտում Ռիչարդ Միլզի խոսքով կառավարությունն արդեն անում է պայքարելով երկրում կոռուպցիայի դեմ և ստեղծելով արդար դաշտ բոլոր գործարարների համար: «Անցած երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ի ու նաև Հայաստանի գործարարներից ես բազմիցս լսել եմ, որ երկրում գործարարության զարգացման հիմնական խոչընդոտը Հայաստանում արդար խաղի կանոնների բացակայությունն է, և որ համակարգը որոշ մարդկանց առավելություններ էր տալիս»: Հայաստանի նոր կառավարության կողմից կոռուպցիայի դեմ կոշտ պայքարն, ըստ դեսպանի, ուժեղ և դրական ազդանշան է գործարարների համար, սակայն, տևական փոփոխությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենքների և դրանք պահպանող կառույցների հզորությունը: Այս առումով Ռիչարդ Միլզը կարևորում է նաև Հայաստանում ազատ և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Անդրադառնալով գարնանը Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությանը»՝ ԱՄՆ-ի դեսպանն ընդգծեց՝ ամենակարևորը, որ դա հայ ժողովրդի ինքնուրույն որոշումն էր. «Դա հայեր էին, ովքեր դուրս եկան փողոց՝ պահանջելով ավելի թափանցիկ և արդարացի հասարակություն: Այդ խաղաղ պահանջը շատ տպավորիչ էր: Պետք է նշեմ, որ սա լիարժեք հայ ժողովրդի քայլն էր: Կարծում եմ, այն հնարավոր եղավ նաև, որովհետև ԱՄՆ-ի և Հայաստանի վերջին 20 տարիների համագործակցության արդյունքում զարգացան և հզորացան հենց այն ձայները, որոնք աջակցում էին թափանցիկությունն ու հաշվետվությունը»:

Նմանատիպ նյութեր