211652_close_icon
views-count2303 դիտում article-date 21:45 11-04-2018

Փաստաբանների նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կապակցությամբ հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում այսօր՝ ապրիլի 11-ին, տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի, Կարեն Կիրակոսյանի և Մհեր Բադալյանի նկատմամբ սկսված քրեական հետապնդումներ իրականացնելու վերաբերյալ հարցերը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը կարևորելով փաստաբանի մասնագիտական անկախության երաշխիքները, առաջարկել է ուշադրությունն առավելապես կենտրոնացնել հարուցված քրեական գործերի հիմքում դրված փաստական հանգամանքների վրա և փաստաբաններին օժանդակել իրենց իրավունքների պաշտպանության հարցում: Հասանելի տեղեկությունների համաձայն՝ - փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանը և Կարեն Կիրակոսյանը քրեական հետապնդման են ենթարկվում վեճի կապակցությամբ, որը քաղաքացիաիրավական բնույթ ունի. - փաստաբան Մհեր Բադալյանը քրեական հետապնդման է ենթարկվում իր մասնագիտական գործունեության ընթացքում, հօգուտ իր վստահորդի, որոշակի գործողություններ իրականացնելու համար: Հատկանշական է, որ Մհեր Բադալյանին մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Քաղաքացիական կամ վարչական դատավարության գործով սուտ ցուցմունք տալը, որը կատարվել է շահադիտական դրդումներով), այն դեպքում, երբ փաստաբան Մհեր Բադալյանը քաղաքացիական գործով մասնակցել է, որպես գործին մասնակցող անձի ներկայացուցիչ: Քաղաքացիական գործով գործին մասնակցող անձի ներկայացուցիչ փաստաբանը չի կարող ապացույցի աղբյուր հանդիսանալ և ցուցմունք տալ դատարանին: Խորհրդակցության մասնակիցները կիսել են այն մտահոգությունը, որ փաստաբանների քաղաքացիաիրավական բնույթ ունեցող գործողությունները քրեաիրավական դաշտ տեղափոխելը փաստաբանների անկախության համար ռեալ վտանգ է ներկայացնում: Խորհրդակցության ավարտին Փաստաբանների պալատի նախագահն առաջարկել է այս երկու հարցերը ներկայացնել Փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի քննարկմանը՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ պատկերն ստանալու, ինչպես նաև փաստաբանների իրավունքների պաշտպանությունն ապահովելու համար: [b] Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատ[/b]

Նմանատիպ նյութեր