211652_close_icon
views-count11502 դիտում article-date 10:31 09-04-2018

Տավուշի մարզի Իջևան քաղաքում դրվեց Տավուշի թեմի առաջնորդարանի նոր կառուցվող շինության հիմնաքարը, և Սրբազանը վկայագրեր հանձնեց Տավուշի տարբեր շրջաններում խաչքավորներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ ապրիլի 8-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքում յուրատեսակ տոնախմբություն էր: Մեծ հանդիսավորությամբ դրվեց Տավուշի թեմի առաջնորդարանի նոր կառուցվող շինության հիմնաքարը, որն էլ հանդիսանալու է Աստծու տաճարները միմյանց կապող հիմնական օղակը: Առաջնորդարանի կառուցման գործում իրենց ներդրումն են ունեցել եկեղեցուն մոտ կանգնած բարերար անհատներ, հասարակական և բարեգործական կազմակերպություններ, գործարարներ և նվիրյալ մարդիկ: Հիմնական բարերարը Հակոբ Հակոբյանն է, ով ներկա էր հիմնօրհնեքի արարողությանը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ՃՇ բաժնի ճարտարապետ Մարիամ Մովսեսյանը շինության նախագծող ճարտարապետն է, շինարարը՝ Միսակ Մելքումյանցը: Ներկաները հուզմունքով և ոգևորությամբ իրենց բարեմաղթանքները հղեցին այդ կարևոր նախաձեռնության կապակցությամբ՝ ցանկանալով շինության հիմքին ամրություն ու անսասանություն: Միջոցառումն իր բնույթով յուրատեսակ էր՝ հագեցած անկեղծ բարեմաղթանքներով, պարուրված ջերմագին օրհնանքներով: Տավուշի թեմի առաջնորդ գորաշնորհ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը շնորհակալություն հայտնեց բոլոր ներկա գտնվողներին, ապա ներկայացրեց իր մոտեցումներն ու նկատառումները, թե ինչ կոչել շինությունը: Այն դառնալու է առաջնորդարան, սոցիալ-կրթական, մշակութային և երիտասարդական կենտրոն: Հիմնարկեքի արարողության նպատակով Մայր Աթոռից ժամանել էր Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, ով իր օրհնությունը տվեց հիմնաքարին և իր ջերմագին ողջույնը հղեց ներկաներին: Արարողությանը ներկա էր Տահույսի ողջ հոգևոր դասը: Միջոցառմանը ներկա էին նաև ազգային ժողովի պատգամավոր Սուրեն Մանուկյանը, Տավուշի փոխմարզպետ Լյովա Սարգսյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, Դիլիջանի, Իջևանի, Բերդի և Նոյեմբերյանի տարածաշրջաններից համայնքապետեր: Կային հյուրեր նաև Երևանից, Էջմիածնից և Տավուշի տարբեր անկյուններից: Հավարտ արարողության՝ տեղի ունեցած ընդունելության ընթացքում Սրբազանը վկայագրեր հանձնեց Տավուշի տարբեր շրջաններում խաչքավոր եղած անձանց և իր երախտագիտությունը հայտնեց յուրաքանչյուրին՝ այդ սուրբ գործը ստանձնելու համար: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 396+
396+

Նմանատիպ նյութեր