211652_close_icon
views-count9875 դիտում article-date 18:28 31-03-2018

ՀՀ ԱԻՆ նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մարտի 31-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության շարահրապարակում նախարար Դավիթ Տոնոյանին ներկայացվեց ԱԻՆ աղետների բժշկության կենտրոնի՝ նոր կահավորանքով «Միթսուբիշի» մակնիշի մեքենան, որը համալրվել է բժշկական նորագույն սարքավորումներով: Շարժական կառավարման կետ հանդիսացող մեքենան կահավորվել է ԱԻ նախարարության «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի սեփական միջոցներով և ուժերով: Արդիականացման շնորհիվ այն կծառայի որպես տարբեր տեսակի աղետների գոտում շարժական բուժկետ: Ներդրված թթվածնային համակարգը (միաժամանակ կարող է սպասարկել 4 տուժածի), դեֆիբրիլիատորը, էլեկտրակարդիոգրաֆիայի համակարգը և մոնիտորը, պուլսոքսիմետրը, արյան ճնշում չափող սարքավորումը հնարավորություն են տալիս արտակարգ իրավիճակների ժամանակ տուժածներին ռեանիմացիոն միջոցառումների դեպքում առանց ընդհատումների տեղափոխել մոտակա բժշկական կենտրոններ: Շարժական կառավարման կետը նախատեսված է ինչպես տուժածներին, այնպես էլ փրկարարական անձնակազմին առաջին օգնություն ցուցաբերելու համար: Մեքենան շատ արդյունավետ կարող է ծառայել տարբեր հրդեհների արձագանքման ժամանակ: Այն կահավորվել է եզակի հովացման համակարգով, որը թույլ է տալիս այրվածքներ ստացած տուժածներին մինչև հիվանդանոց հասցնելը ցույց տալ առաջին բուժօգնություն: Սա Հայաստանում առաջին անգամ է ներդրվում: Մեքենայում կլինեն նաև տարբեր տեսակի բեկակալներ (шина)՝ կոտրվածքների դեպքում օգնություն ցուցաբերելու համար: Նախատեսվում է նաև մեքենան համալրել անզգայնացման համակարգով՝ անհրաժեշտության դեպքում վիրահատական միջամտություն կատարելու նպատակով: Նոր կահավորանքի շնորհիվ այս մեքենայով հնարավոր կլինի տեղափոխել 6 պառկած մարդ, կամ՝ 4 պառկած և 4 նստած՝ ելնելով անհրաժեշտությունից: Տեղադրված ճկուն և թեթև պատգարակները, որոնք հեշտությամբ դուրս են բերվում մեքենայի խցիկից, հնարավորություն են տալիս դրանցով ծանր վիրավորներին տեղափոխել ուղղաթիռով՝ նրանց ավելի շտապ հիվանդանոց հասցնելու համար: Իր զանգվածի և չափերի շնորհիվ այս մեքենան կարող է տեղափոխվել նաև ինքնաթիռի միջոցով՝ այլ երկրներում մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով: Նշենք, որ 2016 թ. Ճապոնիայի կառավարությունը ՀՀ ԱԻ նախարարությանն էր տրամադրել գործողությունների կառավարման «Միթսուբիշի» մակնիշի 6 ավտոմեքենա, որոնք հագեցվել են աղետի գոտում աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով և արտակարգ իրավիճակների ժամանակ դեպքի վայրում հանդիսանում են որպես շարժական կառավարման կետեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր