211652_close_icon
views-count3356 դիտում article-date 16:15 22-03-2018

2018 թվականից ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարները մուտքագրվում են միասնական հաշվին

2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքով հօգուտ գործարար միջավայրի կատարելագործվել է հարկային վարչարարությունն՝ առավել բարենպաստ պայմաններ ապահովելով ԱԱՀ վճարողների համար: ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Տիգրան Կիրակոսյանի տեղեկացմամբ՝ Հարկային օրենսգրքի 74-րդ հոդվածի համաձայն, եթե յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ վճարողն ունի փոխհատուցվող գումար, ապա գրավոր դիմումի հիման վրա, օրենսգրքի 17-րդ բաժնով սահմանված կարգով, ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում՝ այդ գումարը մուտքագրվում է միասնական հաշվին: «Սա նոր իրողություն է ՀՀ հարկային օրենսդրության մեջ: Մինչև 2018 թվականը ԱԱՀ-ի փոխհատուցվող, այսինքն դեբետային գումարները կարող էին ուղղվել միայն հարկ վճարողի ԱԱՀ-ի մասով առաջացող հետագա պարտավորություններին, ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող (արտահանման) գործարքների դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտի դիմումի հիման վրա ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորվելու դեպքում` կարող էին հաշվանցվել կամ վերադարձվել: Իսկ նման գործարքներ չիրականացնող ԱԱՀ վճարողները մինչև 2018 թվականը գործող կարգավորումներով ԱԱՀ-ի փոխհատուցվող (դեբետագրված) գումարներն այլ հարկային պարտավորությունների մարմանն ուղղելու կամ հետ ստանալու իրավական հնարավորություն չունեին: Իսկ ՀՀ հարկային օրենսգրքով արդեն ԱԱՀ վճարողներին հնարավորություն ընձեռվեց ավելի արդյունավետ տնօրինել, տիրապետել և օգտագործել իրենց շրջանառու միջոցները»,-ընդգծել է Տիգրան Կիրակոսյանը: Մարտի 21-ի դրությամբ, ՊԵԿ-ն արդեն ստացել է միասնական հաշվին մուտքագրման ենթակա գումարների ուսումնասիրության 34 դիմում՝ 8 միլիարդ 6 միլիոն 538 հազար դրամ պահանջված գումարով: Ավարտված 9 ուսումնասիրությամբ՝ հիմնավորվել է 464 միլիոն 261 հազար դրամ, որն էլ մուտքագրվել է միասնական հաշվին, իսկ հիմնավորված չի համարվել 75 միլիոն 196 հազար դրամը, ևս 25 դիմում ուսումնասիրվում է:

Նմանատիպ նյութեր