211652_close_icon
views-count8142 դիտում article-date 22:54 09-11-2017

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված ցուցահանդես է բացվել Բրատիսլավայում

Սլովակիայի Հանրապետության մայրաքաղաք Բրատիսլավայում Սլովակիայի Մշակույթի նախարարության Դվորժանա հանդիսավոր սրահում տեղի ունեցավ Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված «Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով․ Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով ցուցահանդեսի բացումը: Ձեռնարկի կազմակերպիչներն էին Հայաստանի և Սլովակիայի Հանրապետությունների մշակույթի նախարարությունները, Չեխիայի և Սլովակիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը: Բացման խոսքով հանդես եկավ Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով արարողության մասնակիցներին` նա, նախ, շնորհավորեց ներկաներին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ, այնուհետև, հակիրճ ներկայացրեց ցուցահանդեսը: Դեսպանը մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսին ներկայացված քարտեզներում հնարավոր է տեսնել հայոց պատմության որոշ դրվագների` արձանագրված և պատկերված հունահռոմեական, լատին, իսլամական և արևմտյան քարտեզագիրների ու աշխարհագրագետների ձեռքով: Ցուցահանդեսում ներկայացված 31 քարտեզների մեծ մասը հավաքված են համաշխարհային ճանաչում ունեցող հնագույն աղբյուրներից և հավաքածուներից, իսկ մի քանիսը՝ համեմատաբար նոր են: Այնուհետև, դասախոսությամբ հանդես եկավ ցուցահանդեսի և համապատասխան պատկերագրքերի հեղինակ դոկտոր Ռուբեն Գալիչյանը, ով մանրամասն անդրադարձավ յուրաքանչյուր քարտեզի՝ ներկայացնելով դրվագներ Հայոց պատմությունից: Դոկտոր Գալիչյանը կարևորեց քարտեզների հավաքածուն այն առումով, որ այն հերթական անգամ հոդս է ցնդեցնում տարածաշրջանի պատմությունն աղավաղելու ադրբեջանական քարոզչական փորձերը։ Միջոցառման երկրորդ մասում ելույթ ունեցավ Վիեննայից ժամանած «Գլիեր» լարային քառյակը՝ ալտիստ Գայանե Միրզոյանի ղեկավարությամբ: Քառյակը կատարեց եվրոպական երգահանների և Կոմիտասի մի շարք ստեղծագործություններ: Տոնական միջոցառմանը ներկա էին Սլովակիայի խորհրդարանի պատգամավորներ, նախարարությունների պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսի և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Տեղեկանք․«Հայաստանը քարտեզագրական փաստաթղթերի միջոցով․ Հայացք Հայաստանի պատմությանը» խորագրով ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի 15-ը:

Նմանատիպ նյութեր