211652_close_icon
views-count63109 դիտում article-date 11:20 14-05-2015

Ողբերգական պատահար՝ Գառնի գյուղում. գազալցակայանում Нива-ն պայթել է. 24-ամյա լիցքավորողը մահացել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում Գառնի գյուղում գտնվող գազալցակայանում լիցքավորման ժամանակ պայթել է Վազ 2121 մակնիշի 43 ՕՍ 399 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լիցքավորողը ստացել է մարմնական վնասվածքներ և հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացել է: Պայթյունի հետևանքով գազաբալոնն էլ մոտ 80 մետր շպրտվել է: Այս պահին նշած վայր է ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ալբերտ Մարգարյանի և ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Վարդան Վարդանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Երևանի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 հատուկ հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ խմբի պետ Արտակ Մուրադյանի և ավագ հրահանգիչ Արտյոմ Բաբայանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը՝ Մարգարիտա Մանուկյանի գլխավորությամբ: Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և այս պահին նշված վայր են ժամանել նաև մարզի քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանը: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, որը ողբերգական ավարտ է ունեցել, պարզ կլինի մի քանի փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մահացածը Գառնի գյուղի բնակիչ, 24-ամյա Ռոման Սիմոնյանն էր: Վնասվածքներ է ստացել նաև այդ պահին գացալցակայանում գտնվող մեկ այլ Нива-ի սեփականատեր, Գառնի գյուղի բնակիչ, 56-ամյա Նորիկ Հարությունյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայր է ժամանել Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը: *** 12:40 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանած ՏԿԱԻՆ-ի համապատասխան վարչության մասնագետները հայտնեցին, որ նշված գազալցակայանը գործել է անվտանգության մի քանի կանոնները չպահպանելով: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գազալցակայանը պատկանում է Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանին, սակայն գրանցված է նրա քրոջ տղայի` Արտաշես Մկրտչյանի անվամբ, ու երևի դա է պատճառը, որ պատկան մարմինները ոչ մի անգամ չեն բարեհաճել այցելել նշված գազալցակայանը: Եթե այցելեին, ապա ողբերգական այս դեպքը տեղի չէր ունենա: Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 81+
81+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր