211652_close_icon
views-count3331 դիտում article-date 15:17 22-10-2026

«Սիրում եմ Մեղրին, ինչի համար էլ որոշեցի պատասխանատվություն ստանձնել համայնքի զարգացման համար»․ Սերգո Գալստյան

«Քարոզարշավի առաջին օրը հանդիպումներ ունեցա 2 գյուղական բնակավայրի բնակիչների հետ ու որոշեցի փոխել այդ մեթոդաբանությունը։ Նախընտրեցի տնից տուն այցելել, անկեղծ զրուցել բնակիչների հետ, ներկայանալ, խոսել նախընտրական ծրագրի մասին, լսել յուրաքանչյուրի առաջարկը, մտահոգող խնդիրը՝ արձանագրելով դրանք, հետագայում լուծում տալու նպատակով»,-ասում է Մեղրի համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ընտրացուցակը գլխավորող Սերգո Գալստյանը։ Կառավարող ուժի՝ համայնքի ղեկավարի թեկնածուն 41 տարեկան է, երկար տարիներ աշխատել է Ագարակի ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատներում, ունի կառավարման մեծ փորձ։ 

Սերգո Գալստյանի խոսքով՝ շատ է սիրում Մեղրին, ինչի համար էլ որոշեց առաջադրվել ու պատասխանատվություն ստանձնել Մեղրիի զարգացման համար։ Համայնքի բնակիչների կողմից բարձրացված խնդիրները  բազմաթիվ են, բայց Գալստյանը դրանք լուծելի է համարում։ Մեղրիում առկա բացառիկ ներուժի մասին է խոսում, համայնքի զարգացման համար կարևորում է  ԹՐԻՓ նախագծի հեռանկարը։ 

«Բնակիչների կարիքների առաջնահերթություն, բնակավայրերի համաչափ զարգացում, թափանցիկ ու հաշվետու կառավարում, արդյունավետ ու պատասխանատու բյուջետային քաղաքականություն, ենթակառուցվածքների շարունակական բարելավում, երիտասարդ ընտանիքների աջակցություն, համայնքի զարգացման գործում քաղաքացիների ակտիվություն, մշակույթի ու բնական ժառանգության պահպանում»,-նախընտրական ծրագրի հիմնական կետերն է առանձնացնում  Սերգո Գալստյանը։

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Մեղրիի ՏԻՄ ընտրություններում առաջադրված «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու ցուցակում   42 թեկնածու է ընդգրկված։ Բացի կառավարող ուժից,  առաջադրվել է ևս 3 ուժ՝ «Ապրելու երկիր»՝ 10 հոգանոց ընտրացուցակով, Եվրոպական կուսակցությունը՝ 12  հոգանոց ու Շնորհապետական կուսակցությունը՝ 10 հոգանոց ընտրացուցակներով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր