211652_close_icon
views-count1396 դիտում article-date 12:49 06-10-2026

Մեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումը

Հիմք ընդունելով գիտական տվյալները՝ Կառավարության որոշման նախագծով 2026 թվականի մինչև նոյեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածի համար առաջարկվում է ձկնորսության թույլատրելի առավելագույն քանակությունը սահմանել լրացուցիչ 720 տոննա։

2026 թվականի համար Սևանա լճում խեցգետնի և այլ ձկնատեսակների արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։

Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որսի իրականացման պայմանագրերի կնքման դիմումն ու հայտաձևը ստորև՝ https://surl.li/gthivb

Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել պայմանագրերի կնքման օրվանից մինչև 2026 թվականի նոյեմբերի 20-ը՝ ձկան նախաձվադրման փուլի սկիզբը։

Սիգի որսն իրականացվում է Սևանա լճի ամբողջ տարածքով՝ ափից առնվազն 500 մ հեռավորության վրա։

Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, մեքենայական կամ ձեռքի միջոցով արտադրված, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից պատրաստված, թելի տրամագիծը 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցերով)։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 011 818 555 (5301) հեռախոսահամարով։

Նմանատիպ նյութեր