211652_close_icon
views-count190 դիտում article-date 22:56 29-09-2026

ՊԱՐԶԱԲԱՆՈւՄ․ Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ ողբերգական պատահարը տեղի է ունեցել աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ․ «Դեֆանս Հաուզինգ»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը հանդիսանում է Դեֆանս Հաուզինգ թաղամասի կառուցապատողը, որի հետ պայմանագրային իրավահարաբերության մեջ են գտնվում բուն շինարարական աշխատանքներն իրականացնող տասնյակ կազմակերպություններ: 

Յուրաքանչյուր կազմակերպություն պայմանագրային հիմունքներով իրեն հատկացված տեղամասում իր աշխատակիցներով իրականացնում է մասնագիտացված աշխատանքներ, որոնց վերապահված է շինարարական աշխատանքների կազմակերպումը, կատարումը և աշխատանքի անվտանգության նորմերի պահպանումը:

Ի պարզաբանում սեպտեմբերի 29-ին Դեֆանս Հաուզինգ թաղամասում տեղի ունեցած դժբախտ դեպքի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների՝ Դեֆանս Հաուզինգը հայտնում է, որ  երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում, այլ տեղի է ունեցել համապատասխան շինարարական աշխատանքներն ավարտած շինարարական ընկերություններից մեկի կողմից՝ իրեն պատկանող աշտարակային կռունկի ապամոնտաժման ժամանակ, իսկ ողբերգական պատահարի հետևանքով մահացած երեք անձինք չեն հանդիսացել Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերության աշխատակիցներ:

Ընկերությունն իր խորին ցավակցությունն է հայտնում մահացած անձանց ընտանիքներին և հարազատներին:
Դեֆանս Հաուզինգը հետաքրքրված է դժբախտ դեպքի օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ և համագործակցում է պատկան մարմինների հետ»:

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Տիչինա փողոցում ապամոնտաժման աշխատանքներ կատարելու ժամանակ աշտարակային կռունկը շրջվել է և կան զոհեր։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, ինչից հետո դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ահարոն Գևորգյանի, և ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները՝ պետի տեղակալ Վահե Գևորգյանի և ջոկատի հրամանատար Համբարձում Վարդումյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Մերի Վառյանն ու Գոռ Թումասյանը։

Դեպքի մասին ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Էդգար Բալոյանի, բաժնի պետի տեղակալներ Ռուբեն Գրիգորյանի, Արման Գրիգորյանի և Նարեկ Երանոսյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնի պետ Է. Բալոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 Մաշտոցի համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են մահացածների ինքնությունը։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ աշտարակային կռունկը պատկանում է «Շին Վեկտոր» ընկերությանը, որը նշված շենքի շինարարության հետ ընդհանրապես կապ չի ունեցել, պարզապես այսօր ժամանել էին, որպեսզի աշտարակային կռունկը ապամոնտաժեն, ինչն էլ, ցավոք, ողբերգական ավարտ է ունեցել։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր