211652_close_icon
views-count3454 դիտում article-date 10:55 17-08-2026

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում․ Եղվարդում բախվել են «Ford»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարին ավտոմեքենայի տակից դուրս բերելու համար քաղաքացիներն այն կողաշրջել են․ բժիշկներն արձանագրել են նրա մահը․ 3 վիրավորներից մեկն անչափահաս է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ օգոստոսի 17-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի ողբերգական բախում է տեղի Կոտայքի մարզում։ Ժամը 00:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին՝ Եղվարդի վարչական տարածքում, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել և կան զոհ ու վիրավորներ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ։ 

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ Գևորգ Սեդրակյանն ու Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Մինչ հրշեջների ու ոստիկանների ժամանումը, քաղաքացիները «Honda» մակնիշի ավտոմեքենան կողաշրջել են, քանի որ մոտոցիկլավարը բախումից հետո հայտնվել էր ավտոմեքենայի տակ, ապա ժամանած Եղվարդ քաղաքի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Սահակ Գալստյանի և դասակի հրամանատարի տեղակալ Քաջիկ Ավետիսյանի գլխավորությամբ։

Պարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ մինչ նրանց ժամանումը մեծ թվով քաղաքացիներ ավտոմեքենաները կայանել էին տարբեր հատվածներում և ստեղծվել էր արհեստական խցանում։ Պարեկների ժամանումից րոպեներ անց երթևեկությունը վերականգնվեց։

Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Յուրա Պապյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում քննիչները պարզել են, որ «Ford» մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Ռուսլան Հ.-ն, մոտոցիկլը վարել է Երևանում բնակվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 45-ամյա Բեհրուզ Գ.-ն։

Վթարի հետևանքով Բեհրուզ Գ.-ն տեղում մահացել է, իսկ Ռուսլան Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, նրա ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 31-ամյա Մարիամ Ա.-ն և 5-ամյա Արամ Հ.-ն տեղափոխվել են «Ուիգմոր» բժշկական կենտրոն։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան ու մոտոցիկլը տեղափոխվել են ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+

Նմանատիպ նյութեր