211652_close_icon
views-count1312 դիտում article-date 12:28 15-08-2026

Ամիսներ առաջ Կոտայքի մարզպետարանը խոստացավ, որ Պտղնիի մոտ 2 կմ-անոց ճանապարհը կասֆալտապատվի, բայց խոսքը գործ չդարձավ. հիմա պատուհաս դարձած փոսերի պատճառով շտապօգնության ու հրշեջ մեքենաները մեծ դժվարությամբ են հասնում կանչի վայր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

SHAMSHYAN.com-ը այս տարվա մայիսի 17-ին ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել, որով Կոտայքի արդեն նախկին մարզպետ, այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ահարոն Սահակյանին, Աբովյան խոշորացված համայնքի ղեկավար Էդուարդ Բաբայանին, որպեսզի 30 տարուց ավելի Պտղնի բնակավայրի մի քանի կիլոմետրանոց ճանապարհը, որը բազմաթիվ խոչընդոտներ է ստեղծում վարորդների համար, ասֆալտապատվի, քանի որ դա նաև վթարների պատճառ է դառնում, իսկ շտապօգնությունն և հրշեջ մեքենաներն էլ մեծ դժվարությամբ են մոտենում կանչի վայր։

Հրապարակումից հետո SHAMSHYAN.com-ը Կոտայքի մարզպետարանից բանավոր պարզաբանում էր ստացել, որ առաջիկա ամիսների ընթացքում բնակիչների խնդրանքը իրականություն կդառնա՝ կսկսվի ասֆալտապատումը։

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ օգոստոսի 14-ին, նույն մի քանի կիլոմետրանոց ճանապարհը ասֆալտապատվելու փոխարեն դարձել է էլ ավելի վտանգավոր, քանի որ նախկին փոսերը, որոշ հատվածներում էլ ասֆալտի նստվածքը, վերածվել են ժողովրդի լեզվով ասած «բալգարկայի»։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում թե՛ Պտղնիի բնակիչները, թե՛ այդ պահին նշված վայրով անցող վարորդները արդարացիորեն ասում էին.

«Տեսնում ենք, թե հանրապետությունում կառավարության ֆինանսավորմամբ ինչքան ճանապարհներ են ասֆալտապատվում, որոշ տեղերում էլ՝ հիմնանորոգվում։ Քանի տարի է էս վիճակն է։ Քանի տարի է ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, էլ չենք ասում, որ փոսերից փախցնելու պատճառով ավտովթարներ են տեղի ունենում։

Վերջին տարիներին խոստացան, որ ճանապարհը կասֆալտապատեն, ու շատ ուրախացանք ու ոգևորվեցինք, սակայն պարզվեց, որ իզուր էինք ուրախացել։ Ընդհակառակը, էլ ավելի են շատացել փոսերը ու դա է պատճառը, որ շտապօգնության ու հրշեջ մեքենաները կանչի վայր հասնում են բավականին ուշացումով, ու դրա հիմնական մեղավորը անբարեկարգ ճանապարհն է։

Հիմա կառավարությունից խնդրում ենք՝ գոնե էս մի քանի կիլոմետրանոց ճանապարհը կամ ասֆալտապատեն, կամ հիմնանորոգեն, թե չէ ստացվում է՝ Պտղնին հայտնվում է քարե դարում։

Այդ հարցը լուծելու համար դիմում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին՝ հավատալով, որ միայն իրենք են ի զորու էս Պտղնու՝ ավերակի վերածված ճանապարհը հիմնանորոգել»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է, ինչ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի բնակիչներն ամեն տարի պատկան մարմիններից լսում էին նույն քոփի-փեյսթ արված խոսքերը, թե այս տարի գյուղի գլխավոր՝ մի քանի կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգվելու է։ Ու ամեն անգամ հազարավոր բնակիչներ նորից իրենց զգում էին խաբված։

Այն, որ Պտղնի բնակավայրը այնքան մոտ է Երևանին, որ Երևանում փռշտան՝ այնտեղ կլսեն, գաղտնիք չէ, իսկ Երևանից Պտղնի հասնելու համար շատ դեպքերում վարորդները հետո իրենց ավտոմեքենաները տեղափոխում էին ավտովերանորոգման կետեր, քանի որ փոսերի պատճառով կոտրվում էին անվահեծանները, թափարգելները, պայթում էին անվադողերը, ու անգամ փոսերը շրջանցելու պատճառով տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ։

Թե ինչն էր պատճառը, որ երկար ու ձիգ տարիներ Պտղնիի բնակիչները միայն խոստումներ էին ստանում, բայց հետո այդ ամենը օդ էր դուրս գալիս, երևի դրա պատասխանը կարող էին տալ այն չինովնիկները, ովքեր պարտավոր էին գոնե 10 տարին մեկ, եթե գյուղի ճանապարհները չհիմնանորոգեին, ապա գոնե կատարեին փոսալցման աշխատանքներ։

Կոտայքի մարզում ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ սկսվել էին ճանապարհների հիմնանորոգման, որոշ հատվածներում էլ՝ այդ թվում բակային, փոսալցման աշխատանքներ։

Ու իսկական ժամանակն էր, որ պատասխանատուները ապացուցեին, թե իրենց համար տարբերություն չկա, և Պտղնիում նույնպես սկսեին այդ աշխատանքները։

Մայիսի 17-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցի ընթացքում շատ վարորդներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասել էին․ «Միայն վերջին 1 ամսվա ընթացքում 30-ից ավելի վարորդներ վնասել են իրենց ավտոմեքենաները Պտղնի բնակավայրի գլխավոր փողոցում եղած փոսերի մեջ ընկնելու հետևանքով»։

Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր