211652_close_icon
views-count3505 դիտում article-date 21:05 14-08-2026

Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Կրկեսի» խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և ամբողջությամբ փակել է ճանապարհը․ օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «ՀԷՑ»-ի աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի դիմաց, ժողովրդին հայտնի «Կրկեսի» խաչմերուկում, ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի 3 երթևեկելի գոտիները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի և վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Ռոբերտ Եղիազարյանը և կրտսեր պարեկ Գեղամ Ալոյանը։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են էլեկտրալարերը, իսկ փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները նախ մասնատել են ծառը, ապա հեռացրել ճանապարհի երթևեկելի մասից։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր