211652_close_icon
views-count1243 դիտում article-date 21:03 23-07-2026

«Ծնողական ժամը» օրենքով կա, բայց արդյո՞ք բոլոր գործատուներն են այն կիրառում

ՀՀ-ում ուժի մեջ է մտել Աշխատանքային օրենսգրքի նոր կարգավորումը, որով մինչև 12 տարեկան երեխաներ ունեցող ծնողները ստանում են «ծնողական ժամից» օգտվելու իրավունք՝ աշխատավարձի պահպանմամբ։ Օրենքը պարտադիր է բոլոր գործատուների համար՝ անկախ նրանից՝ դրանք պետական կառույցներ են, թե մասնավոր ընկերություններ։

Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, վերջին շրջանում մի շարք կազմակերպություններում, այդ թվում՝ բանկային համակարգում, աշխատակիցներին խոչընդոտում են օգտվել օրենքով սահմանված իրավունքից կամ հայտնում են, որ տվյալ կազմակերպությունում «ծնողական ժամը» չի կիրառվելու։

Եթե տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, ապա խոսքը միայն աշխատանքային ներքին կարգապահության մասին չէ։ Խոսքը օրենքով սահմանված իրավունքի հնարավոր սահմանափակման մասին է։

Աշխատանքային օրենսգիրքը չի բաժանում գործատուներին պետականի և մասնավորի։ Եթե օրենքը պարտադիր է, ապա այն պարտադիր է բոլորի համար։ Որևէ ներքին հրաման, կանոնակարգ կամ ղեկավարի ցուցում չի կարող սահմանափակել այն իրավունքը, որը տրված է օրենքով։

Հատկապես կարևոր է, որ այս հարցին ուշադրություն դարձվի բանկային համակարգում և խոշոր մասնավոր կազմակերպություններում, որտեղ աշխատում են հազարավոր մարդիկ։ Այս ոլորտները ոչ միայն պետք է պահպանեն օրենքի պահանջները, այլև օրինակ ծառայեն աշխատողների իրավունքների պաշտպանության հարցում։

Եթե կան կազմակերպություններ, որոնք ներքին կարգավորումներով կամ այլ եղանակով խոչընդոտում են աշխատակիցներին օգտվել «ծնողական ժամից», ապա իրավասու մարմինները պետք է ուսումնասիրեն այդ դեպքերը և տան համապատասխան գնահատական։

Հորդորում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, Աշխատանքի և առողջապահության տեսչական մարմնին և մյուս իրավասու կառույցներին հետևողական լինել այս հարցում, ուսումնասիրել ստացված ահազանգերը, անհրաժեշտության դեպքում հարցումներ ուղարկել կազմակերպություններին և պարզել՝ արդյոք «ծնողական ժամի» իրավունքը լիարժեք կիրառվում է բոլոր աշխատողների նկատմամբ։

Եթե արձանագրվեն խախտումներ, դրանք պետք է ստանան իրավական գնահատական, իսկ աշխատողների իրավունքների հնարավոր խախտման դեպքերը չպետք է մնան անարձագանք։

Օրենքներն ընդունվում են ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլ մարդկանց առօրյայում իրական փոփոխություն ապահովելու համար։ Եթե օրենքը գործնականում չի կիրառվում, ապա խնդիրը ոչ թե աշխատողի, այլ այն համակարգի մեջ է, որը թույլ է տալիս օրենքի պահանջների հնարավոր շրջանցում։

«Ծնողական ժամը» պետք է լինի ոչ թե ձևական իրավունք, այլ իրական հնարավորություն յուրաքանչյուր ծնողի համար՝ անկախ նրանից, թե նա աշխատում է պետական կառույցում, բանկում կամ որևէ այլ մասնավոր կազմակերպությունում։

Օրենքը բոլորի համար է։ Իսկ օրենքի ուժը չափվում է ոչ թե միայն դրա ընդունմամբ, այլ նրանով, թե որքան արդյունավետ է այն կիրառվում իրական կյանքում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր