211652_close_icon
views-count2203 դիտում article-date 19:43 14-07-2026

Վիճաբանություն՝ Արագածոտնի մարզում․ «Լանջաղբյուր» հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով․ կան վիրավորներ, վնասվել է «Kia»-ն

Հուլիսի 12-ին վիճաբանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 16։40-ի սահմաններում, Ղազարավան համայնքի «Լանջաղբյուր» հանգստյան գոտում ջրելու հարցի շուրջ խոսակցություն է ծագել Երևանի բնակիչ 53-ամյա Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 48-ամյա Խաչիկ Մ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Ավագ Խ․-ի միջև, ինչից հետո Խաչիկ Մ․-ն իր հյուրերի հետ հեռացել է հանգստյան գոտուց։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, Խաչիկ Մ․-ն մի քանի անձանց հետ վերադարձել է հանգստյան գոտի և վիճաբանել Ավագ Խ․-ի, Արտակ Ք․-ի, Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Արթուր Գ․-ի և 39-ամյա Ռաիսա Մ․-ի հետ։

Վիճաբանության ընթացքում կողմերը միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով Արտակ Ք․-ն, Ռաիսա Մ․-ն, Ավագ Խ․-ն և Արթուր Գ․-ն դեմքի ու մարմնի տարբեր հատվածներում ստացել են մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև Ավագ Խ․-ին պատկանող «Kia» մակնիշի ավտոմեքենան։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները միջոցառումներ են ձեռնարկում Խաչիկ Մ․-ի և նրա հետ հանգստյան գոտի ժամանած անձանց ինքնությունը պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ «Kia» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր