211652_close_icon
views-count1699 դիտում article-date 19:14 07-07-2026

Ուժեղ քամին ու հորդառատ անձրևը իրենց սև գործն են արել նաև Երասխահուն բնակավայրում․ գյուղացու քրտինքով աճեցված բերքը հողին է հավասարեցվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ հուլիսի 6–ին, հանրապետությունում տեղացած հորդառատ անձրևներն ու քամիները իրենց սև գործն են արել նաև Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի Երասխահուն բնակավայրում։

Ինչպես այօսր՝ հուլիսի 7–ին, տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղացիները իրենց խոսքն էին ուղղում Արմավիրի մարզպետին, Մեծամոր խոշորացված համայնքի ղեկավարին՝ ասելով․

«Ճիշտ ա՝ բնության դեմ մենք անզոր ենք, և հիմնական պատճառը եղել են ուժեղ քամին, անձրևն ու կարկուտը, ինչի հետևանքով մարդիկ միլիոններով վնաս են կրել, տան տանիքներ ու էլեկտրասյուներ են կոտրվել, ջերմոցային տնտեսություններ ու ցանքատարածություններ են վնասվել, ու տուժածների մեծ մասը բանկերից վարկեր էր վերցրել։

Այսօր արդեն հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ։

Հիմա խնդրում ենք, որ մարզպետարանը դիմի կառավարությանը, որ այնտեղ մեզ չանտեսեն, ու ընդունեն մեր առաջարկները, որ կատարվի փոխհատուցում, իսկ բանկերին էլ հորդորեն, որ մի քանի տարով մեր վարկերը սառեցվեն, մինչև խելքի գանք էս արհավիրքից»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, նույն վիճակում են հայտնվել Վարդանաշեն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ, ովքեր այսօր վաղ առավոտից ի նշան բողոքի փակել էին Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում էին, որ ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։

Ինչպես տեղից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 6-ին, նշված գյուղերում տեղացած ուժգին կարկուտն ու քամին բառացիորեն հողին էին հավասարեցրել գյուղացիների տարվա ամբողջ աշխատանքը։ Մի քանի րոպե տևած տարերային աղետը ոչնչացրել էր խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի զգալի մասը, վնասել բնակելի տների տանիքները, արևային վահանակները, պատուհանները, ինչպես նաև բազմաթիվ ավտոմեքենաներ։

Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։


Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր