211652_close_icon
views-count1981 դիտում article-date 11:25 31-05-2026

Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում․ Շիրակի փողոցում «Honda»-ն բախվել է երկաթե սյանը և բռնկվել․ կա վիրավոր․ իրավապահները ունեն տեղեկություններ, որ վարորդը եղել է անչափահաս․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 27-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ թիվ 78 հասցեի դիմաց, «Honda» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե սյանը, ինչի հետևանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն, իսկ վթարի հետևանքով 1 անչափահաս ուղևոր, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գումարտակի հրամանատար Արսեն Սարգսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանը և Արթուր Կարապետյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և քննիչ Տիգրան Գալստյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում է ավտոմեքենանայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ վարորդը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի, ևս անչափահաս է։

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր