211652_close_icon
views-count709 դիտում article-date 22:00 19-05-2026

«Ինքը ջնջում է և Ղարաբաղի, և Հայաստանի պատմությունը, քիթը խոթել է լրիվ ուրիշ դաշտ»․ Արամ Մանուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին․ Aravot.am

«Քարոզարշավը սկսվել է ոչ թե հիմա, այլ դեկտեմբեր-հունվարի ամիսներին, մեծ փողեր են ծախսվում խելքից դուրս, նայում ես գովազդների քանակին, չափին, ավտոբուսներին և այլն ու մտածում ես՝ այս ընթացքում արդյոք աշխատե՞լ են Ընտրությունների մասին օրենքի դրույթները»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը։

Նրա ձևակերպմամբ՝ «Վարչական լծակն ակնհայտ երևում է, բացի դրանից՝ այսքան վերահսկողություն իշխանությունների կողմից անգամ մարդկանց կարծիքների, լայքերի նկատմամբ երբեք չի եղել, վախի մթնոլորտ են ստեղծել, ձերբակալություններ են՝ քաղաքացիների, լրագրողների, հիմա արդեն՝ նաև պաստառ պոկելու, հակաճառելու համար…

Մի ուրիշ բան էլ կա՝ քաղաքավարության բոլոր նորմերն են խախտված։ Մի տեսակ ամոթ է մեր ազգի համար՝ բառերը, ժեստիկուլյացիան, զզվելի արտահայտությունները, ուղղակի ամաչում ես, որ նման գործընթաց է գնում Հայաստանում։ Եթե առաջներում հիմնականում ընդդիմությունն էր այդպիսի բաներ անում, հիմա իշխանությունն է նման ցինիկության գնում, փողոցային բառապաշար կիրառում, մարդկանց վիրավորում, սպառնում։

Ինքը (Նիկոլ Փաշինյանը) քաղաքացիներին սպառնում է՝ ուղիղ տեքստով, ինչը քրեական հոդված է, հրապարակային սպառնալիքը քրեորեն հետապնդվում է, տարօրինակ է, որ ՀԿ-ները, իրավապաշտպան և միջազգային կազմակերպությունները լռում են։ Բայց եթե ընդդիմադիրներից հրապարակային սպառնալիք կիրառվեր իշխանությունների նկատմամբ, հաստատ նրանք նստած կլինեին, մի խոսքով՝ ամոթալի վիճակ է։ Եվ կարծում եմ, որ սրանք դեռ ծաղիկներն են, լարումները կշտանան, լեզուս չի պտտվում ասելու՝ կլինեն բախումներ, առճակատումներ»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Մեր հարցին՝ արդյոք խախտո՞ւմ չէ, որ վարչապետն իր պաշտոնական էջով է քարոզարշավ իրականացնում, մեր զրուցակիցն այսպես արձագանքեց․ «Եթե նա այս ամբողջ ընթացքում փողոցներն է չափչփում, մարդկանց վիրավորում, իր հետ էլ նախարարությունները, այս դժվարին իրավիճակում, գործերն ո՞վ է անում… Ինքը հասարակությանն է վիրավորում, իր ուտելը գովազդելու վրա է դնում իր ժամանակը, պետական մեքենաներն ի՞նչ իրավունքով են օգտագործվում, մինչդեռ պետք է արձակուրդ գնար, պետական միջոցներից չօգտվեր…»։

Մեր դիտարկմանը, որ գործող իշխանությունն անընդհատ շեփորում է կրթական բարեփոխումների, կառուցված դպրոցների և մանկապարտեզների մասին, սակայն սեպտեմբերից 229 դպրոց չի բացելու իր դռներն աշակերտների առաջ, Արամ Մանուկյանը հետևյալը նշեց․ «Կրթությունը լրիվ փլուզվում է, մոտ 300 դպրոց այսօր տնօրեն չունի… 20.000 մարդ Հայաստանում է և դպրոց չի հաճախում։ Այդ 229 դպրոցները, որ փակվում են, այնտեղ կա 7000-8000 աշխատող, 7800 աշակերտ, և եթե պետությունը մի քիչ մատը մատին խփեր, 7800-ը դարձներ 8800, այդ դպրոցները չէին փակվի աշակերտ չունենալու պատճառով։ Գյուղական դպրոցներից ամեն 5-րդ դպրոցը փակվում է, դրանցից 55 գյուղերը սահմանամերձ են, 27-ը Սյունիքում են։ Այսինքն՝ 27 սահմանապահ գյուղ ավիրվելու է… Հենց սահմանապահ գյուղերի դպրոցները փակվեն, գյուղերը նույնպես փակվելու են։ Եվ այդ պարագայում 600 կմ սահմանամերձ տարածքների բնակչությունը հետ է քաշվելու։ Այսինքն՝ սա ոչ միայն կրթական խնդիր է, այլև ազգային անվտանգության։ Ինչ վերաբերում է դպրոցների վերանորոգմանը, այո՛, որոշ դպրոցներ վերանորոգել են, իրենց խոստացածը եղել էր 300-ը, բայց արել են դրա 1/5-րդը։ Իմ հանդիպած տեղերում, օրինակ, մանկապարտեզ են սարքել, որտեղ դպրոցը փակում են։ 7, 8, 9-ը գյուղին սպասարկելու է մեկ դպրոց, օրինակ՝ Ամասիայում 26 լեռնային գյուղին սպասարկելու է 4 դպրոց, ինչն անհնար է։ Ես ծրագիր եմ առաջարկել իրենց, որն աշխարհը վաղուց փորձարկել է՝ ոչ թե երեխան է գնում ուսուցչի մոտ, այլ ուսուցիչը՝ երեխայի մոտ։ Նորվեգիան, Ֆինլանդիան, Շվեդիան դա կիրառում են, ամեն մեկն ունի 1000 կղզի՝ քիչ բնակչությամբ, իրենք օգտագործում են առցանց, համակցված ուսուցումը, ընտանիքներին համակարգիչներ են տրամադրում, և երեխան մնում է իր գյուղում, իր կղզում։ Եթե մի քիչ գումար ներդրվեր այդ ծրագրի մեջ, ընդ որում՝ 7 մլրդ դրամ է այն բյուջեն, որը ծախսվում է 200 դպրոցի վրա մեկ տարվա ընթացքում, խնդիրը մեր երկրում էլ կլուծվեր։ Ես եղել եմ փակվող դպրոցներից երևի 30-ում, ամբողջ Սիսիանի, Ղուկասյանի, Թումանյանի, Վանաձորի, Շամշադինի, Իջևանի բոլոր փակվող գյուղերում եղել եմ, հանդիպել եմ շատ մարդկանց հետ, որոնք ուղղակի ասում են՝ նպատակ կա գյուղերը դատարկելու և փախստականներին բերելու, թե չէ այլ կերպ 100 հոգանոց սահմանամերձ դպրոցներ փակելը տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Օրինակ՝ սահմանամերձ Բայանդուր գյուղում 112 աշակերտ կա, շատ լավ շենքով դպրոց, բայց թե ինչու են փակում, չես հասկանում»։ Մեր զրույցի ընթացքում անդրադարձ եղավ նաև ՀԱԿ-ի ծրագրում արցախցիներին անդրադարձին։ «Դա միջազգային իրավունքի խնդիր է, մարդիկ պետք է օգտվեն միջազգային իրավունքից, բայց ռեալության մեջ շատ դժվար է բնօրրան վերադառնալը, որովհետև ներկայիս Ադրբեջանում բռնատիրություն է, իսկ Հայաստանը նվաստացած վիճակում է։

Բնական է, որ այս պայմաններում ոչ մի հայ չի գնա Ղարաբաղում ապրելու, որովհետև գիտի, թե այնտեղ ինչ հետապնդումների տակ են հայերը, իսկ Հայաստանն էլ չունի իշխանություն, որն իր իրավունքները կպաշտպանի։ 25 հոգու բանտում լինելը ապացույցն է այն բանի, որ Հայաստանն իր քաղաքացիներով չի զբաղվելու»,- ասաց ՀԱԿ փոխնախագահը։ Ի պատասխան մեր այն հարցի, թե որն է պատճառը, որ իշխանությունները հարձակվում են Անկախության հռչակագրի վրա, Արամ Մանուկյանն ընդգծեց․ «Ձեզ ավելին ասեմ, այս 2 օրվա ընթացքում այնքան անհեթեթություններ է ինքն արտաբերել, որ իբր ոչ միայն Ղարաբաղը մերը չէ, այլև մերը չի եղել պատմականորեն։ Ինքը միշտ ասում էր՝ իրական Հայաստանով գնանք առաջ, իսկ հիմա 2 արտահայտություն է արել․ մեկը, որ Ղարաբաղը երբեք չի եղել հայկական, այսինքն՝ պատմությունն էլ է սրբագրում, և մյուսը, որ իբր Հայաստանում հիմա է, որ տոկոս հայ է ապրում, նախկինում երբեք 90 տոկոսը հայություն չի ապրել։ Այսինքն, իր ասելով, Հայաստան չի եղել։ Ինքը ջնջում է և Ղարաբաղի, և Հայաստանի պատմությունը, քիթը խոթել է լրիվ ուրիշ դաշտ՝ ինչ-որ մեկին ապացուցելու համար, որ բոլոր խնդիրները կկատարեմ, որպեսզի Հայաստանը չունենա անկախություն։ Ինձ թվում է՝ ինքը պատվեր է կատարում, պատվերի առաջին մասը՝ Ղարաբաղի հարցն ավարտել է, հիմա էլ ուզում է Հայաստանը զրկել ինքնուրույնությունից, ինքնիշխանությունից։ Սա փորձանք է…

Ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն էր ասում՝ կեսը կործանել է, կեսն էլ կկործանի։ Եթե ժողովուրդը խելքի գա, սթափվի, ջնջի այդ անունը մեր պատմությունից, մենք կփրկվենք, եթե ոչ, կգնանք ադրբեջանացման ճանապարհով՝ Նիկոլ Փաշինյանի «ողջախոհ» ղեկավարությամբ։ Հիմա ես ժողովրդին եմ դիմում՝ ժողովուրդ, ձեր 4 կողմը նայեք՝ լուրջ ուժ շա՞տ եք գտնում, նայեք մարդկանց, ովքեր փորձ ունեն, ովքեր կենսագրությամբ համը չեն հանել, այդ մարդկանց քվեարկեք, լուսարձակ օգտագործելու կարիք չկա, որ մի քիչ պտտվեք, կտեսնեք, որ ամենալուրջ քաղաքական ուժը, որ անիմաստ խոստումներ չի տվել, համը չի հանել և ունի ռազմավարական ծրագիր, դա Հայ ազգային կոնգրեսն է»։

Նա առանձնացրեց իրենց ծրագրի առանցքային կետերը․ «Հավասարակշռված ռեալ քաղաքականություն՝ Արևելք-Արևմուտք, ոչ թե կռվախնձոր, այլ կամուրջ կոնցեպտն ենք տալիս։ Մյուսն Իրանի հետ կապող երկաթուղին է, որը դարի ծրագիր կարող է լինել՝ կապելով Ռուսաստանը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը և Հնդկաստանը, ու եթե TRIPP-ը լինում է, ապա նաև Արևելքը՝ Արևմուտքին։

Այդ դեպքում Հայաստանը դառնում է հանգուցային տրանսպորտային հաբ, և դա դառնում է ոչ միայն տնտեսական ծրագիր, այլև քաղաքական և անվտանգային երաշխիք։ Նման ծրագիր որևէ մեկը չի ներկայացրել, դա մշակված, հաշվարկված ծրագիր է, տեխնիկական փորձաքննություն անցած։ Եվ եթե իրականացվի, Հայաստանը լուրջ մարտահրավերներից պլյուսով դուրս կգա»։

Հարցրինք՝ այն ձևով, ինչպես այս իշխանություններն են ներկայացնում ակադեմիական քաղաքը, արդյոք դա իրատեսական է։ «Բացառվում է, դա քննարկման թեմա չէ… Ակադեմիական քաղաք չի լինելու, ոչ թե որովհետև ես չեմ ուզում, այլ որովհետև փուչ ծրագիր է, իրենք չեն կարող դա իրականացնել։ Այսպիսի թույլ իշխանությունը նման մեծ ծրագիր ուղղակի ի վիճակի չէ իրականացնել։ Եվ երկրորդ՝ բովանդակային առումով բացարձակ անհեթեթ է փոքր երկրի բոլոր կրթական հաստատությունները հավաքել մի տեղ։ Դրանով ոչնչացնում ես Գյումրու, Վանաձորի, Իջևանի, Գորիսի կրթական համակարգերը, որոնք նաև մշակութային, երիտասարդական համակարգեր են, միայն կրթություն չեն սպասարկում։ Այստեղ առաջանում է նաև մեկ ուրիշ խնդիր, որն իրենք ի վիճակի չեն լուծելու՝ Ֆրանսիական, Եվրոպական, Ամերիկյան համալսարաններն ասել են, որ իրենց տեղից որևէ մեկը չի կարող հանել։

Ու եթե Երևանի բոլոր համալսարանները գնում են Աշտարակ, մնացած համալսարաններն արտոնություն են ստանում՝ իրենց իշխող դիրքով։

Այնպես որ ակադեմիական քաղաքը բլեֆ ծրագիր է, փող լվալու, չգիտեմ ում դուր գալու ծրագիր է։ Էլ չեմ ասում կրթական ու բարոյական կորստի մասին։ Օրինակ՝ կա Գյումրու գեղարվեստի ակադեմիա, գնացեք նայեք նրանց լաբորատորիաները, արվեստանոցները, ուսանողներին, դասախոսներին, կտեսնեք, որ նման կայացած հաստատությունը տեղափոխելը ուրիշ տեղ նույնն է, ինչ որ ծառը իր բնական հողից տեղափոխես ու չորացնես»,- նման կարծիք հայտնեց Արամ Մանուկյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/05/19/1557917/

© 1998 - 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր