211652_close_icon
views-count373 դիտում article-date 15:49 19-05-2026

Փոփոխություններ և լրացումներ են նախատեսվում ՀՀ հարկային օրենսգրքում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 19-ին առաջին ընթերցմամբ քննարկել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի տեղեկացմամբ նախագիծը  մշակվել է «Հարկային հարցերով փոխադարձ վարչական աջակցության մասին»  կոնվենցիայի  համաձայն՝ վերջինով և Միասնական հաշվետվողական ստանդարտով  նախատեսված պարտավորությունները կատարելու նպատակով: Ստանդարտի լիարժեք և արդյունավետ կիրառումը հնարավոր է միայն ներքին օրենսդրության համապատասխանեցման և իրավական հստակ գործիքակազմի ներդրման միջոցով:

Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններից բխող նոր մոդելային օրենսդրության և գործող հարկային օրենսդրությունը՝ Ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու պահանջներով, այլև համաշխարհային հարկային վարչարարության առաջատար փորձի ներդրման և արդյունավետ կիրառման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, օրենսդրական փոփոխությունները բխում են 2025 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության կողմից առաջին անգամ տեղեկությունների ավտոմատ փոխանակումից հետո՝ իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները կարգավորելու անհրաժեշտությունից:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին: Այն նախատեսվում է քննարկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում:

Նմանատիպ նյութեր