211652_close_icon
views-count397 դիտում article-date 14:17 18-05-2026

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին

Հայաստանի ներքին գործերի նախարարությունը շարունակում է ենթակա ծառայություններում իրականացնել համակարգային փոփոխություններ՝ հանրությանն առավել պատշաճ և որակյալ ծառայություններ մատուցելու նպատակով։ Ինչպես տեղեկանում ենք ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, մասնավորապես, գործառնական փուլում են միգրացիոն ոլորտի բարեփոխումները. կառուցվում են ծառայությունների մատուցման նոր գրասենյակներ, որոնք համապատասխանեցված են միջազգային ժամանակակից չափորոշիչներին։

Նշվում է, որ նոր ենթակառուցվածքներում համադրվելու են առաջադեմ տեխնոլոգիական լուծումներն ու քաղաքացիակենտրոն մոտեցումը՝ ապահովելով արդյունավետ և հարմարավետ սպասարկում։

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և ֆրանսիական IN Groupe ու A.C.I. Technology S.à.r.l. կոնսորցիումի հիմնադրած «ՀայՓաս» ՓԲԸ աշխատանքային խումբը, գործադիր տնօրեն Ռեջիս Բուշյեի գլխավորությամբ, մայիսի 16-ին այցելել են Արտաշատի, Աբովյանի և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի սպասարկման գրասենյակներ և կենտրոնական գրասենյակի շինհրապարակ՝ տեղում ծանոթանալու աշխատանքների ընթացքին և տեխնիկական վերազինման գործընթացին։

Մանրամասն դիտարկվել է յուրաքանչյուր դետալ, կատարվել են տեղային ճշգրտումներ, առաջարկվել փոփոխություններ․ աշխատանքների բարձր որակն ու սպասարկման հետագա արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։

ՆԳՆ-ից հայտնում են, որ գրասենյակների նախագծային և լոգիստիկ լուծումները հիմնված են «մեկ պատուհանի» սկզբունքի վրա, ինչը թույլ կտա նվազեցնել հերթերն ու կուտակումները, վարչարարական բարդությունները և զգալիորեն խնայել քաղաքացիների ժամանակը։

Նոր կենտրոնները կհամալրվեն ժամանակակից կենսաչափական սարքավորումներով։ Տեխնիկական հագեցվածությունը թույլ կտա փաստաթղթավորման ամբողջ գործընթացը դարձնել առավել արագ ու թափանցիկ՝ ապահովելով համապատասխանություն անվտանգության միջազգային չափանիշներին։

Նախարար Արփինե Սարգսյանը կարևորել է շինաշխատանքների որակական ստանդարտների պահպանումը՝ ընդգծելով, որ տեխնոլոգիական զարգացումներին զուգահեռ առաջնային նշանակություն ունի միջավայրի հարմարավետությունը։ Յուրաքանչյուր քաղաքացի գրասենյակ այցելելիս պետք է սպասարկվի արժանապատիվ պայմաններում։

Շրջայցի ավարտին տեղի է ունեցել քննարկում. անդրադարձ է կատարվել գրասենյակների գործարկմանը միտված լուծումներին, արձանագրված թերությունների շտկմանը և աշխատանքների վերջնական հղկմանը։

Ընդգծվում է, որ նոր գրասենյակների գործարկումը սկիզբ կդնի ծառայությունների մատուցման որակապես նոր փուլի՝ սահմանելով բարձր նշաձող, որտեղ տեխնոլոգիական առաջընթացը ծառայում է քաղաքացու հարմարավետությանն ու պետության նկատմամբ վստահության ամրապնդմանը։

Նմանատիպ նյութեր