211652_close_icon
views-count403 դիտում article-date 13:14 05-04-2026

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. Վահագն Խաչատուրյան

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Զատկի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության տոնի կապակցությամբ։

Հարության տոնը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի հոգևոր կյանքի առանցքային խորհրդանիշներից՝ նորոգման, հավատքի վերահաստատման և ապագայի հանդեպ վստահության աղբյուր։ Այս օրն առանձնահատուկ առիթ է վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները և պատասխանատվությամբ նայելու առաջիկա քայլերին։

Զատիկը միավորում է մեզ ընտանիքների շուրջ՝ ամրացնելով մարդկային կապերը, փոխադարձ հոգատարությունն ու ներքին համերաշխությունը։ Տոնի խորհուրդը հիշեցնում է, որ հասարակության ամրությունը սկսվում է յուրաքանչյուր ընտանիքից, յուրաքանչյուր անհատի արժեհամակարգից և համատեղ ապրելու մշակույթից։

Այս օրերին առավել խորությամբ ենք գիտակցում նաև ազգային միասնության և համախմբման կարևորությունը։ Համերաշխությունն ու փոխվստահությունը մեր պետականության ամրության հիմնասյուներից են, և միայն միասնական ջանքերով կարող ենք դիմակայել մարտահրավերներին ու ձևավորել կայուն ու անվտանգ ապագա։

Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ և ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն ու արժանապատիվ զարգացում։

Թող Սուրբ Զատիկը յուրաքանչյուրի տուն բերի հանգստություն, ջերմություն և վստահություն վաղվա օրվա հանդեպ։

Քրիստոս հարյավ ի մեռելոց։

Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»։

 

Նմանատիպ նյութեր