211652_close_icon
views-count316 դիտում article-date 19:10 26-03-2026

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական միջոցառումներ․ կկայանա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին նվիրված՝ տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հոբելյանական տարվա միջոցառումներին, իրադարձություններին և ապրիլի 14-ին կայանալիք աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգին:

Բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը։

Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին և նշել, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայաստանի լավագույն կառույցներից է և մեծ դերակատարում ունի հայաստանյան երաժշտական կյանքում և հանրության գեղագիտական ճաշակի զարգացման գործում:

«Տարիներ ի վեր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն ամբողջ աշխարհում հավուր պատշաճի ներկայացնում է հայաստանյան կատարողական և դասական արվեստը: Նվագախումբը 20 տարի շարունակ համերգներով հանդես է եկել Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում: Պետության վերջին տարիների վարած քաղաքականության և ներդրումների շնորհիվ հայաստանյան հեղինակավոր նվագախմբերը համերգներով մշտապես հանդես են գալիս մարզերում: Նախորդ տարի Սիմֆոնիկ նվագախումբը և մեր մյուս կառույցները բազմաթիվ համերգներով և միջոցառումներով հանդես են եկել նաև մարզերում՝ ներկայացնելով հայ և արտասահմանցի հեղինակավոր կոմպոզիտորների ստեղծագործությունները:

Սիմֆոնիկ նվագախումբն անցած տարի համերգներով հանդես է եկել Գերմանիայում, որի ֆինանսավորման մի ամբողջ հատված պետական աջակցություն էր։ Այս տարի նախատեսված են համերգներ Շանհայում, որոնք նույնպես ֆինանսավորելու է պետությունը: Ապրիլի 14-ին տեղի կունենա աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի համերգը, որի իրականացման համար պետությունը մեծ ֆինանսական աջակցություն է հատկացրել»,- ասել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով երաժշտարվեստի ոլորտում պետական քաղաքականությանը՝ Դանիել Դանիելյանը նշել է, որ Սիմֆոնիկ նվագախումբն իր գործունեության և ռազմավարության շրջանակում կարևորում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումն ու հանրահռչակումն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը ներկայացրել է հոբելյանական տարվա շրջանակում իրականացված համերգներն ու ծրագրերը՝ նշելով, որ 20-րդ հոբելյանական համերգաշրջանը մեկնարկել է սեպտեմբերից և ներառում է մի շարք հետաքրքիր նախագծեր, մեծամասշտաբ համերգներ Երևանում, մարզերում և արտերկրում:

«Հատուկ 20-րդ հոբելյանական համերգաշրջանի համար ունենք շատ հետաքրքիր ծրագրեր երիտասարդների համար՝ նրանց մոտեցնելու դասական երաժշտությանը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 20-րդ հոբելյանական համերգաշրջանում իրականացրած ծրագրերը մեծ ազդեցություն ունեն՝ արդեն նոր ունկնդրի ներգրավմամբ»,- ասել է տնօրենը և մանրամասներ ներկայացրել նվագախմբի առաջիկա հյուրախաղերի վերաբերյալ:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշել է, որ նվագախմբի ամենամեծ հաջողություններից են Սիմֆոնիկի նախագծերը՝ Սիմֆոնիկ ֆոլկ, Սիմֆոնիկ անտառ, Սիմֆոնիկ Մանսուրյան, Սիմֆոնիկ ռոք և այլն. «Դա մեր մեծ ձեռքբերումն է. Սիմֆոնիկի նախագծերով, կրթական ծրագրերով և մարզային համերգներով ձևավորում ենք արժեհամակարգ: 2025 թվականին նվագախումբը նվագել է 133 համերգ․ 65-ը՝ Երևանում, 15-ը՝ մարզերում և 53-ը՝ արտերկրում: Դա այն նշաձողն է, որ Եվրոպայի լավագույն նվագախմբերը, կարծես թե, զարմանում են, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է: Իսկապես, շատ շնորհակալ ենք պետությանը, առանց որի՝ հնարավոր չէր կինի այս գործընթացների որակյալ իրականացումը»:

Անդրադառնալով աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հայաստանյան համերգին՝ Սերգեյ Սմբատյանը նշել է՝ դաշնակահարի հետ համատեղ համերգը ոգևորող է. «Նա համաձայնեց նվագախմբի հետ ելույթ ունենալ, ավելին՝ համաձայնեց, որ նվագախմբի հետ այդ համերգը ձայնագրվի, ինչը մեծ հաջողություն է: Հայաստանի լավագույն համերգասրահում Լանգ Լանգի ելույթը նշանակում է, որ նա նվագախմբի հետ տոնում է մեր 20-ամյակը, և նրա երկրպագուները հետևելու են համերգին»:

Աշխարհահռչակ դաշնակահարը Երևանում հանդես կգա առաջին անգամ:

Նմանատիպ նյութեր