211652_close_icon
views-count2425 դիտում article-date 20:12 15-03-2026

«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալը 5 օր է հացադուլ է անում. հարազատները ահազանգում են առողջական ծանր վիճակի մասին

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող Գեղամ Պետրոսյանը արդեն 5 օր է՝ հացադուլ է հայտարարել։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում նրա քույրը՝ Ռուզան Պետրոսյանը, նշեց․ «Եղբայրս ազատազրկվել է 7 ամիս 4 օր ժամկետով։ Նրա վիճակը շատ վատ է։ Ունի դեղորայքային ալերգիա, երիկամային անբավարարություն, անգամ սրտի կանգ է ունեցել, ինչպես նաև բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ։ Արդեն 2 ամիս է՝ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, և այս ամբողջ ընթացքում նրա առողջական վիճակը գնալով վատացել է։ Ոչ մի համապատասխան բժշկական օգնություն նրան չի ցուցաբերվել։ Քրեակատարողական հիմնարկի բուժաշխատողները՝ Անուշը և Նառա Բաբայանը, ամեն օր ասում են, որ նրա հարցը կլուծվի և նրան կտեղափոխեն հիվանդանոց։ Մենք զբաղվել ենք նաև ակտի հարցով, կանչել ենք հիվանդանոց, որտեղ ասել են, որ պառկեցնելու համար պետք է վճարումներ կատարենք։ Բավականին մեծ գումարներ ենք վճարել, սակայն մարդուն նորից հետ են տարել քրեակատարողական հիմնարկ։ Եղբայրս ասում է, որ սիրտը լավ չի աշխատում, սակայն բժիշկներն ասում են՝ «քեզ ինչ է եղել»։ Բուժմասը ընդհանրապես չի զբաղվում նրա վիճակով։ Երբ զանգում ենք բուժմաս, Նառա Բաբայանը ասում է՝ «եթե պետք է մահանա, թող այստեղ մահանա, ինչու եք տուն բերում, որ երեխաների ներկայությամբ մահանա՞»։

Եղբայրս ունի երկու անչափահաս երեխա, իսկ երրորդ երեխան այս օրերին պետք է ծնվի, վարձով են ապրում, տան միակ աշխատողն է։ Մենք պահանջում ենք կամ նրան տեղափոխել հիվանդանոց՝ բուժման նպատակով, կամ փոխեն պատժի տեսակը և կիրառեն տնային կալանք, որպեսզի կարողանանք համապատասխան բուժում կազմակերպել»։

Հարազատների խոսքով՝ Գեղամ Պետրոսյանը արդեն 5 օր է գտնվում է հացադուլի մեջ և շարունակում է պնդել, որ իրեն անհրաժեշտ է անհապաղ բժշկական օգնություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր