211652_close_icon
views-count397 դիտում article-date 15:17 11-03-2026

Քննարկվել են ՀՀ-ի և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության զարգացման հեռանկարները. ՀՀ–ում իրականացվել է 24 հաջողված ծրագիր

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության և ԵԱԶԲ-ի միջև համագործակցության ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները՝ ընդգծելով փոխգործակցության խորացման կարևորությունը։ Նշվել է, որ 2023–2025 թվականներին բանկը Հայաստանում իրականացրել է 24 հաջողված ծրագիր, որոնք էականորեն խթանել են տարբեր ոլորտների զարգացումը՝ հատկապես մասնավոր հատվածի տնտեսական ակտիվությունը։

Հանդիպման ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության և ԵԱԶԲ-ի միջև ստորագրվել է «Տեխնիկական աջակցության տրամադրման մասին» պայմանագիրը, որի նպատակն է աջակցել պետական մարմինների ՊՄԳ ոլորտի կառավարման համակարգի ամրապնդմանը և անձնակազմի մասնագիտական հմտությունների կատարելագործմանը՝ համահունչ միջազգային լավագույն փորձին: Ծրագիրը նախատեսում է ինստիտուցիոնալ միջավայրի բացերի գնահատում, ոլորտի կառավարման և ֆինանսական կառուցվածքի օպտիմալ մոդելների մշակում, ինչպես նաև թիրախային վերապատրաստում և APMG միջազգային սերտիֆիկացում: Նախատեսվում է նաև ՊՄԳ կենտրոնի ենթակառուցվածքային զարգացում և տեխնիկական վերազինում, ինչը կնպաստի աշխատանքային գործընթացների արդյունավետության բարձրացմանը և Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավմանը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ կյանքի կոչելով նոր նախաձեռնություններ և համատեղ նախագծեր։

Նմանատիպ նյութեր