211652_close_icon
views-count2383 դիտում article-date 21:26 05-03-2026

Ամունդի-Ակբա. Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածների ազդեցությունը ֆինանսական շուկաների վրա

Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ ռազմական գործողության մեկնարկը՝ թիրախավորելով հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, գործող ռեժիմը և ռազմական ենթակառուցվածքները, վերափոխել է տարածաշրջանային ռիսկերի քարտեզը և անմիջապես արտացոլվել համաշխարհային տնտեսության ու ֆինանսական շուկաների վրա։ Տարածաշրջանում լարվածության նոր փուլը մեծացրել է Պարսից ծոցի երկրների (ԱՄԷ, Քուվեյթ, Բահրեյն, Սաուդյան Արաբիա) շուրջ ռիսկերը՝ բարձրացնելով աշխարհաքաղաքական անորոշությունն ու շուկաների զգայունությունը։

Սրացման գլխավոր մակրոտնտեսական առանցքում նավթի շուկան է։ Նավթի գները աճում և արձագանքում են տարածաշրջանային զարգացումներին՝ կրկնելով 2025թ.-ի հունիսյան հարվածների ժամանակ դիտված շարժը։

Երկարատև «նավթային ցնցումը» գործում է որպես ստագֆլյացիոն իմպուլս՝ միաժամանակ բարձրացնելով գնաճային սպասումները, խստացնելով ֆինանսական պայմանները և դանդաղեցնելով համաշխարհային տնտեսական աճը։ Առավել զգայուն խմբում են Ասիայի և Եվրոպայի մաքուր նավթ ներմուծող տնտեսությունները, որոնց համար էներգակիրների գնի աճը մեծացնում է ինչպես արտաքին հաշվեկշռի, այնպես էլ գնաճի ռիսկերը։

Էսկալացիայի ազդեցությունը խորանում է մատակարարումների հնարավոր խափանման միջոցով։ Հորմուզի նեղուցը, որն ապահովում է համաշխարհային նավթային փոխադրումների շուրջ 20%-ը, օդային հարվածների հետևանքով կանգ է առել՝ շուկաներում բարձրացնելով մատակարարման արժեքները։

Միաժամանակ, Իրանի նավթի վաճառքը՝ հատկապես դեպի Չինաստան ուղղված հոսքերը, կարող են սահմանափակվել կամ դադարել։ Այս պայմաններում OPEC+-ի պլանավորված թողարկման ավելացումը և տարածաշրջանից խողովակաշարային մատակարարումները չեն ապահովում բավարար փոխհատուցում՝ ավելացնելով գների տատանումների հավանականությունը։

Ներդրումային միջավայրում խաչաձև ակտիվների տեսանկյունից՝ ոսկին ամրապնդվում է որպես կառուցվածքային դիվերսիֆիկացնող ակտիվ, իսկ ավելի ընդհանուր՝ հումքերը և հումքային արժույթները առավելություն են ստանում։

Այս ֆոնին ԱՄՆ ակտիվները, հավանաբար, կմնան համեմատաբար գրավիչ։ Զարգացող շուկաներում կլինեն և՛ հաղթողներ, և՛ պարտվողներ. նավթ ներմուծողներն ամենախոցելին են, իսկ հումքային արտահանողները կարող են շահել։

Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան ձևավորում է նոր շուկայական իրականություն՝ որտեղ ռիսկերը փոխանցվում են նախ և առաջ էներգետիկ ալիքով՝ ազդելով գնաճի, տոկոսադրույքների սպասումների և համաշխարհային աճի վրա։

Հիմնական գործոնը մնում է նավթի մատակարարման ռիսկի տևողությունը․ որքան երկար պահպանվի խափանման հավանականությունը, այնքան ավելի բարձր կլինեն շուկաների տատանումներն ու մակրոտնտեսական ճնշումները։

Ամունդի ներդրումային ինստիտուտի փորձագետները «ԱՄՆ-ի և Իսրայելի Իրանին հասցրած հարվածների հետևանքները» վերլուծության մեջ ներկայացրել են պատերազմի ազդեցությունները մակրոտնտեսական և ներդրումային միջավայրի վրա, ինչպես նաև այս պայմաններում ներդրումային շուկաների հեռանկարները և նոր հնարավորությունները։

Ամունդի ներդրումային ինստիտուտ

Ամունդի ներդրումային ինստիտուտը ստեղծվել է հաճախորդների հետ ռազմավարական երկխոսությունը բարելավելու և Ամունդիի առաջատար դիրքը տնտեսական և ֆինանսական հետազոտությունների ոլորտում ամրապնդելու համար: Այն վերլուծություններ է տրամադրում տնտեսական և շուկայական զարգացումների վերաբերյալ, ներառյալ դրանց ազդեցությունը ներդրողների վրա:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Amundi-ACBA Asset Management
ՀՀ, Երևան 0010, Վազգեն Սարգսյան 10, տարածք 100-101
Հեռ./Tel. + (374) 11 31-00-00, [email protected]
10 Vazgen Sargsyan, suite 100-101, Yerevan 0010, RA A joint venture between Amundi and acba.
Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ:

Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2026թ․ փետրվարի 28-ի դրությամբ կառավարման ներքո ակտիվերը կազմել են շուրջ 785.8 մլրդ դրամ։

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է շուրջ 2․38 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։


 

Նմանատիպ նյութեր