211652_close_icon

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima»-ն և «Ford Fusion»-ը․ կա 2 զոհ, 1 վիրավոր․ ժամանել են մարզի քրեական ոստիկանության պետն ու ՊԾ գումարտակի հրամանատարը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count16270 դիտում article-date 22:07 11-02-2026
Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Ալաշկերտ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Nissan Altima» մակնիշի և «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները՝ մարզային փրկարարական վարչության պետ՝ Գևորգ Հակոբյանի և ջոկատի հրամանատար՝ Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։

Փրկարարները վիրավորներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը վիրավորներին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Երվանդ Նիկոյանը։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արմեն Մուրադյանի և վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սևակ Խաչատրյանի, վարչության պետի տեղակալ Արտակ Ղազարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Մինչ տարածքը սահմանազատում էին պարեկները, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արմավիրի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր