211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ պայմանագրային զինծառայողը տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ՊԾ Սյունիքի մարզի գումարտակի «մեծն» հրամանատարի մասին արդեն անեկդոտներ են հնարում՝ ասելով․ «Վախենում է գնա դեպքի վայր, որ հանկարծ չդառնա սիսիանցու ․․․»

views-count3115 դիտում article-date 22:25 04-02-2026
Դեկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 169 կմ հատվածում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Սպարտակ Գ․-ն իր վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ եթե Սիսիանի համայնքային ոստիկանները ժամանել են դեպքի վայր, ապա չգիտես ինչու, հերթական անգամ դեպքի վայր են հրաժարվել ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Սևոյանի գլխավորությամբ։

Գումարտակի հրամանատարը վերջին ժամանակաշրջանում Սյունիքի մարզում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ, անգամ՝ ողբերգական, կամ վիրավորներ լինելու պարագայում չի էլ փորձում ժամանել դեպքի վայր, իսկ Սյունիքում հիմա արդեն նրա մասին տարատեսակ անեկդոտներ են հնարում՝ ասելով, որ այստեղ այնտեղ երբ խոսակցություն է ունենում, հայտնում է, թե չի ուզում գնալ դեպքի վայր, քանի որ կսառի, կդառնա «սիսիանցու ․․․»։

Գ․ Շամշյանի տեղեկություններով, վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող։

SHAMSHYAN.com-ն առաջիկայում հրապարակումներ կներկայացնի ընթերցողներին՝ Սյունիքի մարզում Պարեկային ծառայության գումարտակի ծառայողների վերաբերյալ ստացված բողոքների մասին։
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր