211652_close_icon

Ստացվում է, որ Ադրբեջանը ստացել է անխոչընդոտ ճանապարհ, և այսօր Ադրբեջանի հիմնական պահանջը, որ Հայաստանում հայի անուն-ազգանունով, դեմքով մարդ չպետք է հանդիպի, իրականություն է դարձել․պատգամավոր

views-count637 դիտում article-date 19:05 26-01-2026
 Իշխանությունները փորձ են անում «Թրամփի ուղի» ծրագիրը ներկայացնել որպես աննախադեպ հաջողություն, պատմական իրադարձություն, Հայաստանի թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու հնարավորություն, բայց ես ուզում եմ, որ մենք ավելի խորքից գանք և հասկանանք, թե իրականում սա ինչ պրոյեկտ է։ Այս մասին «Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ Աբովյանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ընդհանրապես, տասնամյակներ շարունակ քննարկվել է Սյունիքով ինչ-որ ճանապարհի հնարավորությունների մասին հարցը։ Դեռ 2001 թվականին Քի Վեստում քննարկվում էր Արցախը Լաչինով Հայաստանին միացնելու և Նախիջևանը Ադրբեջանին կապող ճանապարհի հարցը, որը էստակադաներով էր լինելու և մեր տարածքային ամբողջականությունը չէր խաթարվելու, իսկ այսօր մենք ունենք ընդհանրապես այլ իրականություն. Արցախը հանձնված է, Լաչինը չկա, բայց դեռ շարունակվել են բանակցությունները այս ճանապարհի մասով և նույնիսկ այն տրամաբանությամբ չի, որ մենք կարողանանք հասկանանք՝ մենք ամբողջությամբ վերահսկողություն ունենալո՞ւ ենք այդ ճանապարհի վրա, թե չենք ունենալու։

Շատ չոր հաշվարկով ստացվում է, որ Ադրբեջանը ստացել է անխոչընդոտ ճանապարհ, և այսօր Ադրբեջանի հիմնական պահանջը, որ Հայաստանում հայի անուն-ազգանունով, դեմքով մարդ չպետք է հանդիպի, իրականություն է դարձել։ Հիմա դա իհարկե փորձում են փաթեթավորել, որ բեք օֆիս է լինելու, ֆրոնտ օֆիս է լինելու, այսինքն հայերը հետևն են լինելու նստած, ինչ-որ մարդիկ դիմացն են լինելու նստած, բայց չոր հաշվարկով դա է ստացվել։

Ադրբեջանն ասել է՝ ես այս տարածքով պետք է գնամ ու հայի դեմք չպետք է տեսնեմ, իրականացրել են ու անխոչընդոտ։

Այն որ մեր սահմանապահները 26%–անոց ազդեցություն են ունենալու այդ պրոյեկտի վրա, դա ևս փաստ է, սա սարսափելի իրողություն է, որին մենք ականատես ենք լինում»,–ասաց նա։

Անդրադառնալով իշխանությունների պնդումներին, թե ամեն ինչ փոխադարձության սկզբունքով է արվում, Աննա Գրիգորյանը հարց տվեց. «Մենք անխոչընդոտ, որևէ տեղով անցնելո՞ւ ենք։ Օրինակ ես որ ուզենամ գնամ Կապան, Գորիս-Կապան ճանապարհը տվել եք, հիմա այդ ճանապարհով ես կարա՞մ անխոչընդոտ այդ մի քանի կիլոմետրը գնամ, որ ինձ էլ ադրբեջանցին չկանգնացնի, ինձնից պասպորտ չստուգի։ Կարա՞մ Նախիջևան-Երասխով անխոչընդոտ գնամ, չեմ կարող»։

Ընդդիմադիր պատգամավորը համոզմունք հայտնեց, որ եթե Հայաստանն ունենար այլ բանակցող, այս իրավիճակին չէինք հասնի. «Բայց մենք հիմա ունենք իրողություն և ասում ենք, որ այդ ծրագիրը պետք է դարձնել այնպիսին, որ մեր շահերից բխի։ Այսինքն, առնվազն Նախիջևան-Երասխ ճանապարհի մասին հրամայականը, որ մենք դնենք սեղանին, եթե Ադրբեջանը կարողանում է այդ ճանապարհով գնալ և անխոչընդոտ, մենք էլ, ուրեմն, պետք է կարողանանք հնարավորություն ստանալ անխոչընդոտ ճանապարհ, Երասխ–Սադարակ ճանապարհով անցնել։ Դա պետք է բանակցել, պետք է բանակցել, հաշվի առնելով քո պետական շահը»,– ընդգծեց նա։

Նմանատիպ նյութեր