211652_close_icon

Ողբերգական դեպք Երևանում․ որպես անհայտ որոնվող տղամարդու մարմինը հայտնաբերվել է «Կասկադ»-ի կիսակառույց տարածքում․ հատուկ փրկարարները մեծ դժվարությամբ են մարմինը մոտեցրել շտապօգնության մեքենային․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5275 դիտում article-date 21:24 16-01-2026
Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարալանջի փողոցից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ «Կասկադ» համալիրի կիսակառույց շինության մոտ, քարերի վրա դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և ոստիկանները «Կասկադի» կիսակառույց շինության այդ հատվածում՝ դժվարանցանելի վայրում հայտնաբերել են տղամարդու դի։

Այն դուրս բերելու համար ոստիկաններին օգնության են հասել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարները, ովքեր մեծ դժվարությամբ մոտ 500 մետր ոտքով մարմինը մոտեցրել են դիատարին։

Դեպքի մասին ոստիկանության Արաբկիրի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Համզոյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի և իր հարազատների կողմից երկվանից որոնվում էր որպես անհայտ կորած։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր