211652_close_icon

«Թու-թու-թու Լավա»-ի ու նրա ընտանիքի նկատմամբ խուլիգանություն և շորթում կատարող՝ իրեն իբրև «Լևոն արքա» հռչակած տղամարդը դատարանի որոշմամբ վերցվել է տնային կալանքի

views-count6409 դիտում article-date 18:42 14-01-2026
Այսօր՝ հունվարի 14-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի բնակիչ 62-ամյա Լևոն Մինասյանի նկատմամբ, ով ավելի շատ հայտնի է «Լևոն արքա» մականվամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից դատավորը վերադառնալով մերժել է քննիչի միջնորդությունը, սակայն որոշում է կայացրել նրա նկատմամբ կիրառել տնային կալանք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, հունվարի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի որոշմամբ ձերբակալվել էր իրեն իբրև «Լևոն արքա» համարող Երևանի բնակիչ Լևոն Մինասյանը։

Վերջինիս նկատմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ «հոգեկան ներգործություն» հատկանիշներով, և նրան տեղափոխել էին ձերբակալվածների պահման վայր։

Ավելի վաղ ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «հոգեկան ներգործություն» հատկանիշներով փաստաթղթեր էին կազմվել։ Նշված փաստաթղթերը կազմվել էին հունվարի 10-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ իբրև բլոգեր հանդես եկող «Լևոն արքա»-ն յութուբյան իր ալիքով սպառնալիքներ և հայհոյանքներ էր հնչեցրել մեկ այլ բլոգեր «Թու-թու-թու Լավա»-ի և նրա ընտանիքի անդամների հասցեին։

Համայնքային ոստիկանները պարզել էին, որ «Լևոն արքա»-ն Երևան քաղաքի բնակիչ Լևոն Մինասյանն է, իսկ «Թու-թու-թու Լավա»-ն հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանն է։

Գ. Շամշյանը հայտնել էր, որ Նոր Նորքի ոստիկանները «Լևոն արքային» հայտնաբերելու նպատակով իրականացրել էին հատուկ օպերացիա, որը կրել էր «Քեզնից ինչ արքա, դու նույնիսկ նազիր-վեզիր չարժես» անունը։

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր