211652_close_icon

Ավտովթար՝ Լոռու մարզում․ ճանապարհի մերկասառույցի պատճառով 61-ամյա վարորդը «Mitsubishi»-ով հայտնվել է Ձորագետ գետում՝ քարերի վրա․ օպերատիվ են գործել փրկարարները, շտապօգնության բժիշկները ու պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count30023 դիտում article-date 19:54 03-01-2026
Այսօր՝ հունվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 20 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Կարինե Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել Ձորագետ գետում՝ քարերի վրա։  

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն։

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Թումանյանի հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր պատգարակով վիրավորին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 4-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սահակ Կիրակոսյանը և Արմեն Խարազյանը։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Թումանյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր