211652_close_icon

Հետաքննողական լրագրության մեխանիզմները․ Տիրայր Մուրադյանի հանդիպումը Մանկավարժական համալսարանում

views-count502 դիտում article-date 21:40 26-11-2025
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում Հայկական պետական մանկավարժական համալսարանի  լրագրության ուսանողները հանդիպում ունեցան հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանի հետ։ Միջոցառման  նպատակն էր ապագա լրագրողներին ծանոթացնել հետաքննողական լրագրության առանձնահատկություններին և դրա կարևորությանը ժամանակակից տեղեկատվական միջավայրում։

Հանդիպման ընթացքում Մուրադյանը ներկայացրեց ոլորտի հիմնական սկզբունքները՝ շեշտելով հետաքննողական աշխատանքի աշխատատարությունը, պատասխանատվությունը և հասարակական նշանակությունը։ Նրա խոսքերով՝ այս ճյուղը պահանջում է հետևողականություն, քննադատական մտածողություն և հասարակության առջև հաշվետու լինելու բարձր գիտակցություն։

Լրագրողը անդրադարձավ նաև փաստերի ստուգման գործընթացին՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր հաղորդվող տեղեկություն պետք է անցնի բազմակողմանի ստուգում։ Նա ուսանողներին ներկայացրեց գործնական օրինակներ սեփական փորձից՝ ցույց տալով, թե ինչպես են լրագրողները կիրառում ժամանակակից մեդիագործիքներ և հավելվածներ՝ բացահայտելու կեղծ լուսանկարներ, տեսանյութեր և քարտեզներ։

«Հետաքննողական լրագրությունը մանրակրկիտ ուսումնասիրություն է պահանջում։ Յուրաքանչյուր փաստ պետք է հաստատվի մի քանի աղբյուրով, որպեսզի հրապարակվող նյութը լինի ճշգրիտ և վստահելի»,— նշեց Մուրադյանը։

Հանդիպումը ուսանողների համար դարձավ կարևոր ուսումնական փորձառություն՝ օգնելով նրանց ավելի հստակ պատկերացնել հետաքննողական լրագրողի աշխատանքի ընթացքը, մարտահրավերներն ու մասնագիտական պահանջները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր