211652_close_icon

Համակարգի կառավարման արդյունավետության բարձրացում, հանրային ծառայությունների մատուցման նորարար մոտեցումներ․ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԱԺ-ում ներկայացրել է նախարարության ֆինանսական հատկացումներն ու ծրագրերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

views-count3178 դիտում article-date 21:21 13-11-2025
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 13-ին ելույթ է ունեցել Ազգային ժողովում՝ ներկայացնելով ՆԳ նախարարության 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը։

Իր ելույթում ՆԳ նախարարն անդրադարձել է հանցավորության կանխարգելմանն ու հատկապես գրանցված սպանություններին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ 100 հազար բնակչության հաշվով սպանությունների համաշխարհային միջին ցուցանիշը 5,8 է, մինչդեռ Հայաստանում այն 2 է։ Նախարարն ընդգծել է նաև, որ թեև ցուցանիշները բավականին ցածր են, բայց իրավիճակը դեռևս մտահոգիչ է. պետք է հասկանալ՝ ինչպես լուծել խնդիրը հանցագործությունների կանխարգելման տրամաբանության մեջ։

ՆԳ նախարարը նշել է, որ հաճախ տեղեկատվական աղմուկի մեջ մոռացվում է դեպքը, հանգամանքներն ու իրական պատճառները, և թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ պետության կողմից, և այդ քայլերն ինչպիսի արդյունքներ են տալիս։ «Եթե խնդիրը չդիտարկվի ամբողջության մեջ, շարունակելու ենք կենտրոնանալ այսբերգի գագաթի վրա՝ չունենալով լավ լուծում, ինչը, բնականաբար, մեզ լավ տեղ տանել չի կարող»,- ասել է նախարարը և հավելել, որ այդ համատեքստում Կառավարության կողմից մշակման փուլում է Հանցավորության կանխարգելման ռազմավարությունը, ինչը բազմաշերտ կերպով անդրադառնալու է հիմնախնդրին։ Նախարարի խոսքով՝ Կառավարությունը ներդրումներ է կատարում և բարեփոխում կրթական, առողջապահական, սոցիալական, իրավապահ ոլորտները՝ արդյունքում նպաստելով հանցավորության կանխարգելմանը։

ՆԳ նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հետևյալ թեմաներին․

ընդունվել է «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքը և հարակից օրենքների փաթեթը, որով նախատեսվում են բարեվարքության ստուգման նոր համակարգ և կարգապահական նոր կանոններ ծառայողների համար։

Հաշվետու ժամանակահատվածում, ընդհանուր առմամբ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում վերապատրաստվել է աննախադեպ թվով՝ ավելի քան 10 000 ոստիկանության ծառայող։

Նոյեմբերի 1-ին գործարկվել է Ոստիկանության վերջին հենասյունային ուղղությունը՝ Ոստիկանության գվարդիան․ այն լինելու է ներքին անվտանգության համակարգի կարևորագույն ուղղություններից մեկը՝ գերժամանակակից սպառազինությամբ և վերապատրաստված անձնակազմով։ 

Առաջին անգամ մշակվել և ներդրվել է ոստիկանության ծառայողների կողմից ուժային միջոցների գործադրման ստանդարտացված գործելակարգը։ 

Նախարարության կազմում հետևողականորեն ներդրվում է մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոն, որն ավելի արագ կսպասարկի քաղաքացիներին։ 

Նոյեմբերի 5-ին հայկական կողմին պաշտոնապես փոխանցվել է վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։  Նախարարը փաստել է, որ մի շարք միջոցառումներ, որոնք նախատեսված են Գործողությունների ծրագրի կետերում, արդեն իսկ իրականացվում են Կառավարության կողմից, իսկ որոշներն ընթացքի մեջ են։
 
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել և հաստատվել է Փրկարար ծառայության արդիականացման հայեցակարգը, ինչն անկյունաքարային նշանակություն ունի բարեփոխումների համատեքստում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր