211652_close_icon
views-count83538 դիտում article-date 10:35 08-09-2023

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում․ Պռոշյան գյուղում Kia-ն մխրճվել է բեռնատար Renault-ի մեջ․ կան վիրավորներ․ մահացածի մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում Երևանի բնակիչ, 50-ամյա Ալեն Ա․-ն իր վարած Kia մակնիշի ավտոմեքենայով Պռոշյան գյուղի վարչական տարածքում մխրճվել է Երևանի բնակիչ, 48-ամյա Հովհաննես Թ․-ի կողմից շահագործվող կայանված Renault մակնիշի բեռնատար ավտոմեքենայի կցորդիչի մեջ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Kia-ի վարորդ Ալեն Ա․-ն և 1 ուղևոր, ում ինքնությունը պարզվում է, քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։

Kia-ի մեկ այլ ուղևոր Երևանի բնակիչ, 73-ամյա Օֆիկ Հ․-ն տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարարական ջոկատից և թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգտագործման միջոցով են կարողացել մահացածի մարմինը դուրս բերել ավտոմեքենայից, ապա պատգարակով մոտեցրել դիատարին, փակել Kia-ի գազաբալոնի փականը, վերջում էլ կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության  Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ։

Մեծ թվով պարեկների ժամանման պատճառը կայանում էր նրանում, քանի որ մինչ նրանց ժամանումը, մեծ թվով հետաքրքրասեր քաղաքացիներ կայանել էին ավտոմեքենաները ճանապարհի բանուկ ու երթևեկելի գոտում, ինչի պատճառով խցանում էր առաջացել, սակայն նրանց ժամանումից հետո երթևեկությունը կարգավորվեց ու հետաքրքրասեր վարորդները մեքենաները հանեցին։

Դեպքի վայր են ժամանել նաևՀՀ ՆԳՆ Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Շահնազարյանի գլխավորությամբ։

Վթարի մասին Ոստիկանության Նաիրիի բաժնից տեեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր