211652_close_icon

Փորձում են ճնշել Վարդան Ղուկասյանի որդու փաստաբանին, քրեական վարույթ են նախաձեռնել․Aravot.am

views-count868 դիտում article-date 22:14 03-10-2025
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ Քրեական օրենսգրքի 495 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը կապված է փաստաբան Արամայիս Հայրապետյանի կողմից՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի շահերը պաշտպանելու գործընթացի հետ։

Մեզ հասած տեղեկություններով, քրեական գործում մասնավորապես գրված է․ «2024 թվականի ապրիլի 17-ին Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում /Շորթում/ Արայիկ Բաղդասարյանը լրացուցիչ ցուցմունք է տվել, որ սեպտեմբերի 16-ին, ժամը 10․00-ի սահմաններում իրեն է զանգահարել Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության տնօրենը՝ Արտյոմ Մկրտչյանը ու պայմանավորվել են հանդիպելու Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի հետ։

Նույն օրը, ժամը 17․00-ի սահմաններում նրանք գնացել են Արամայիս Հայրապետյանի՝ Խրիմյան Հայրիկ փողոցում գտնվող փաստաբանական գրասենյակ, որտեղ Արամայիս Հայրապետյանը Սպարտակ Ղուկասյանին առնչվող քրեական վարույթի վերաբերյալ հարցեր է ուղղել իրեն, այդ ամենը գրի է առել ու նկարահանել»։


Aravot.am-ը պարզաբանում ստանալու խնդրանքով դիմեց Արամայիս Հայրապետյանին։

Նա փոխանցեց հետևյալը․

«Ձերն կողմից նշված քրեական վարույթով կոնկրետ անձը՝ Արայիկ Բաղդասարյանը, իմ կողմից ենթարկվել է փաստաբանական հարցման, որպիսի իրավունք փաստաբանն  ունի։ Մասնավորապես՝ Փաստաբանության մասին օրենքի 18-րդ հոդվածը, սահմանում է փաստաբանի հիմնական իրավունքները, և  հստակ նշում է, որ փաստաբանն իրավունք ունի  համաձայնության դեպքում գրավոր հարցման ենթարկելու անձանց, ովքեր, ենթադրվում է, որ տիրապետում են գործին վերաբերող տեղեկատվությանը, որով փաստաբանն իրավաբանական օգնություն է ցույց տալիս։ Ավելին՝ քրեական գործերով մեղադրյալի պաշտպանն իրավունք ունի «համաձայնության դեպքում հարցման ենթարկելու ֆիզիկական անձանց», որպիսի իրավունք Պաշտպանին տալիս է քրեական դատավարության օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը։

Սահմանադրության 67-րդ հոդվածը թող կարդան, որտեղ նշված է, որ «Հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի, որ իր դեմ ցուցմունք տվող անձինք ենթարկվեն հարցման։ Հիմա եթե նրանք օրենքները չեն կարդում, կամ կարդում՝ չեն հասկանում, իսկ եթե հասկանում են՝ չեն կիրառում, դա իրենց խնդիրն է։ Ես, օրենքով սահմանված կարգով անձին հարցման եմ ենթարկել, ընդ որում՝ հարցման ամբողջ ընթացքը տեսաձայանագրվել է։

Քանի որ հարցման տեսաձայնագրությունը իրավաբանական օգնության ցույց տալու ընթացքում ձեռք բերված տեղեկություն է, առայժմ այն, բովանդակային առումով, չեմ հրապարակի, բայց մի բան հստակ է, որ անձը տեղեկացվել է հարցման ենթարկվելու մասին, և որ հարցման ամբողջ ընթացքը տեսաձայանգրվում է, վերջինս հայտնել է, որ ցանկանում է հարցման ենթարկվել։ Ասեմ նաև, որ իրականում անհանգստանալու ավելի շատ բան ունեն հենց իրավապահ մարմինները։ Հավանաբար նրանք զգացել են վտանգը, որ հնարավոր է բացահայտվի, թե ինչ պայմաններում է անձը Սպարտակ Ղուկասյանի դեմ հաղորդում տվել, և հնարավոր է բացահայտվի նաև, որ անձը հենց իրավապահ մարմինների  հարկադրանքի ներքո սուտ մատնություն է կատարել։ Ինչ վերաբերվում է որևէ մեկին հարկադրելուն, ապա քաղաքացուն հարկադրելը դա իրավապահ մարմինների անխախտ ձեռագիրն է։ Փաստաբանները նման հնարավորություն և ցանկություն չունեն։

Իմ համար պարզ է նաև, թե ինչ նպատակ ունի այս ամբողջ ներկայացումը․ մի կողմից հանրությանը հերթական մանիպուլյացիոն ու սուտ տեղեկություններ հրամցնել, մյուս կողմից փորձում են ճնշել փաստաբանին, միջամտել նրա մասնագիտական գործունեությանը։ Ոչ զարմանալի է իմ համար այս ամենը, ոչ էլ՝ անհանգստացնող։

Վաղուց արդեն պարզ է, որ «Իրական Հայաստանում» իրական բռնատիրություն ու կամայականություն է տիրում։ Իրավապահ մարմինները մեկ անձի ծառայող գործիքներ են, ու կապ չունեն ո՛չ իրավունքի, ո՛չ էլ օրենքի հետ։ Հիմա եթե վարույթ են նախաձեռնել իմ նկատմամբ, թող նախաձեռնեն, քննեն։ Դրանով միայն մեկ օբյեկտիվ ճշմարտություն կարող է հաստատվել, որ իրենց ասածն ու արածը իրավաբանության հետ կապ չունեցող կամակատարություն է, ուրիշ  ոչինչ։

Այն պահից, երբ որևէ փաստաբանը վախենա իրավապահ մարմինների ճնշումներից, թող հենց այդ պահից պատռի իր արտոնագիրը»։  
 

Նմանատիպ նյութեր