211652_close_icon

Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին և աջակցել հայ ժողովրդին․ Սիմոնյան

views-count520 դիտում article-date 23:30 30-09-2025
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել է Կիպրոսի Հանրապետության անկախության 65-ամյակին նվիրված ընդունելությանը: ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել շնորհավորական ուղերձով:

«Հարգելի՛ դեսպան,

Ձե՛րդ գերազանցություններ,

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Սրտանց շնորհավորում եմ Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ՝ խաղաղություն ու բարգավաճում ցանկանալով բարեկամ Կիպրոսի ժողովրդին:Այս առանձնահատուկ օրն արժեւորում է Ձեր երկրի ինքնիշխանությունը եւ Կիպրոսի ժողովրդի անսասան ոգին իր ազատությունն ու ժողովրդավարական ձգտումները պաշտպանելու հարցում:

Կիպրոսի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովուրդների համար:

Անցած տասնամյակների ընթացքում Հայաստանին եւ Կիպրոսին հաջողվել է զարգացնել ու խորացնել միջպետական հարաբերությունները: Այժմ էլ երկու երկրների միջեւ ընթանում է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն` բազմոլորտ  երկկողմ օրակարգով:
Հայ-կիպրական հարաբերությունների զարգացումը շարունակական վերընթաց է ապրել, ինչն ընդգծվել է բարձրաստիճան փոխայցելություններով, միջազգային հարթակներում միմյանց աջակցությամբ, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ քաղաքական ու տնտեսական ակտիվ երկխոսությամբ:

Հայաստանը եւ Կիպրոսը մշտապես աջակցել են միմյանց տարբեր հարցերի շուրջ: Կիպրոսը միշտ կանգնած է եղել Հայաստանի կողքին դժվար պահերին եւ իր աջակցությունն է հայտնել Հայաստանին ու  հայ ժողովրդին:

Հարգելի՛ ներկաներ,

Հաջորդ տարի, երբ Կիպրոսը կստանձնի ԵՄ խորհրդի նախագահությունը, Հայաստանը մայիսի սկզբին կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը: Մենք պետք է սերտորեն համագործակցենք մեր ընդհանուր նպատակներն առաջ մղելու համար:

Գոհունակությամբ պետք է արձանագրենք, որ երկու երկրներում ռեզիդենտ դեսպանատների բացումը նշանակալի առաջընթաց է մեր հարաբերություններում, ինչը կնպաստի նոր ձեռքբերումների այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, զբոսաշրջությունը, կրթությունը եւ այլն:

Ջերմ եւ ակտիվ է նաեւ երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը, որի վկայությունն այս տարվա մայիսի 19-ին Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուի եւ իր գլխավորած պատվիրակության? Հայաստան այցելությունն էր, միջխորհրդարանական հանձնաժողովների միջեւ առկա ակտիվ երկխոսությունը: Արդյունավետ փոխաջակցություն է ծավալվել նաեւ բազմակողմ ձեւաչափում՝ միջազգային խորհրդարանական վեհաժողովների շրջանակում:

Երկու ժողովուրդների բարեկամության զարգացման գործում բարձր ենք գնահատում Կիպրոսի հայ համայնքի դերը:

Ամփոփելով խոսքս՝ ցանկանում եմ վերահաստատել համատեղ սերտ համագործակցության շահագրգռվածությունն ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային օրակարգի արդի հարցերի շուրջ:

Վստահ եմ` մենք դեռ միասին երկարատեւ պատմություն ենք կերտելու:

Թույլ տվեք եւս մեկ անգամ ջերմորեն շնորհավորել Կիպրոսի Հանրապետության Ազգային տոնը:
Կեցցե՛ Կիպրոսի Հանրապետությունը, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակել է խոսքը ՀՀ ԱԺ նախագահը:

Նմանատիպ նյութեր