211652_close_icon

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ Սիսիան-Լծեն ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Mack» ավտոցիստեռնը․ վերջինը կողաշրջվել է, մոտ 10 տոննա մազութը՝ թափվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count544 դիտում article-date 14:32 28-09-2025
Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։20-ի սահմաններում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում բախվել են «Shacman» մակնիշի բեռնատարը և «Mack» մակնիշի ավտոցիստեռնը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ավտոցիստեռնը, որը բեռնված է եղել 25 տ մազութով, կողաշրջվել է և մոտ 8-10 տ մազութ թափվել է։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «MACK» մակնիշի ավտոցիստեռնի վարորդը տեղափոխվել է «Սիսիան» բժշկական կենտրոն:

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են ավտոցիստեռնը, մազութի արտահոսքը դադարել է:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկները։

Վթարի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունը։

Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր