211652_close_icon

Կրակոցներ Երևանում․ Հասրաթյան փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերվել են տարբեր զինատեսակներից կրակված մեծ քանակի պարկուճներ․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count15715 դիտում article-date 21:42 20-09-2025
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 21։05-ի սահմաններում, կրակոցներ են հնչել Երևանում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հասրաթյան փողոց 4 շենքի բակում կրակոցներ են հնչել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևանի քրեական վարչության, ոստիկանության Մաշտոցի բաժնի և ՊԾ Երևանի քաղաքի գնդի գումարտակի պարեկները։

Իրավապահները նշված շենքի բակում հայտնաբերել են տարբեր զինատեսակներից կրակված պարկուճներ՝ ատրճանակի և ինքնաձիգի։ Այս պահին քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով կան տուժած կամ տուժածներ։

Մի քանի խմբեր մեկնել են Երևանի տարբեր հիվանդանոցներ՝ պարզելու դա։

Դեպքի մասին Երևանի քրեական ոստիկանությունից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից արդեն ժամանել է քննչական խումբը և ՀՀ քննչական կոմիտեի փորձաքննագետը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունը քննչական բաժնի հետ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց և հանցագործության գործիք հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով իրավապահները ունեն հստակ տեղեկություններ դեպքի վերաբերյալ։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին չենք հրապարակում։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր